Լիբանանում ՀՀ դեսպանն ընդունել է Հայ ոսկերիչների Համաշխարհային ասոցիացիայի գործադիր տնօրենին
Հուլիսի 21-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն ընդունել է աշխատանքային այցով Բեյրութ ժամանած Հայ ոսկերիչների Համաշխարհային ասոցիացիայի (AJA) գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանին:
Վերջինս հանդիպման ընթացքում ներկայացրել է այցի նպատակներն ու արդյունքները, ընդգծել լիբանանահայ ոսկերիչների հետ համագործակցության մասին: Միաժամանակ կարևորվել է իրենց մասնակցությունը՝ Երևանում աշնանը կայանալիք ոսկերիչների համաշխարհային ցուցահանդեսում:
Բեյրութ կատարած այցի շրջանակներում AJA-ի գործադիր տնօրենը հանդիպումներ է ունեցել հայ ոսկերիչների լիբանանյան մասնաճյուղի խորհրդի անդամների հետ, ներկայացրել է AJA-ի կենտրոնական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, ծանոթացրել նախատեսվող հետագա ծրագրերի մանրամասներին, նշել այլ երկրներում տեղակայված խորհուրդների հետ համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը:
Ա. Ուդումյանն այցելել է հայաբնակ Անճար ավան, ուր անճարցի ոսկերիչների հետ կայացած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հեռանկարների առնչությամբ:
Լիբանանահայ ոսկերիչներն իրենց գոհունակություն են հայտնել կայացած հանդիպումների արդյունքներից և տեղեկացրել, որ իրենք շահագրգռված են մասնակցելու Երևանում կայանալիք երկրորդ համաշխարհային ցուցահանդեսին:









