Բան Կի Մունը կմասնակցի Օլիմպիական կրակի փոխանցումավազքին

09:51 • 25.07.12

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կմասնակցի Օլիմպիական կրակի փոխանցումավազքին: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով միջազգային այդ կառույցի պաշտոնական կայքէջին:

Միջազգային Օլիմպիական կոմիտեի և Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի լոնդոնյան կազմկոմիտեի հրավերով Բան Կի Մունը Լոնդոն կայցելի հուլիսի 26-28-ը: Հուլիսի 26-ին նա կտանի օլիմպիական ջահը, հուլիսի 27-ին ներկա կգտնվի Խաղերի բացմանը:

Լոնդոնում գտնվելու ընթացքում Բան Կի Մունը ծրագրում է անցկացնել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի իշխանությունների, մասնավորապես` արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի ղեկավարը, դիմելով միջազգային հանրությանը, կոչ էր արել հետևել «օլիմպիական հրադադարին» առաջիկա խաղերի ժամանակ:

«Ես կոչ եմ անում մարտական գործողություններ իրականացնող բոլոր կողմերին հետևել զինադադարին, որը (զինադադարը) հավանության է արժանացել ՄԱԿ-ի 193 անդամ երկրների կողմից: Թող որ Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի կրակն առաջիկա շաբաթների ընթացքում դառնա խաղաղության փարոս»,- ասել է նա:

 

XXX-րդ Օլիմպիադայի խաղերը կկայանան հուլիսի 27-ից օգոտոսի 12-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը` օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը: