ՀԱԿ-ում որևէ մեկի հետ անձնական բնույթի տարաձայնություններ չունեմ. Նիկոլ Փաշինյան
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ և նույնանուն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ անխուսափելի է, որ ժողովրդավարության սկզբունքներով գործող քաղաքական ուժն իր ներսում չունենա գաղափարական տարաձայնություններ:
«ՀԱԿ-ը մի մարմին է, որտեղ միշտ էլ եղել է տեսակետների բազմազանություն, որը ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է և այդ տեսակետների բազմազանությունն է, որ Կոնգրեսին, իսկապես, պահում է քաղաքական կարևորագույն գործընթացների առանցքում»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամը:
Փաշինյանն այս ամենին զուգահեռ վստահեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության պատճառով իր և Լևոն Զուրաբյանի միջև տարաձայնություններ չկան:
«Ես իմ դիրքորոշումները բարձրաձայնել եմ: Ես ՀԱԿ-ում որևէ մեկի հետ անձնական բնույթի տարաձայնություններ չունեմ»,- նշեց նա և հայտարարեց, որ ՀԱԿ-ը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ՝ արմատական ընդդիմություն:
Նիկոլ Փաշինյանը սա ասաց ի պատասխան վերջերս ՀԱԿ-ից դուրս եկած Դավիթ Շահնազարյանի այն հայտարարության, թե ՀԱԿ-ը ընդդիմադիր բևեռի իր դերը զիջել է ԲՀԿ-ին։
Անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀՀ կառավարությանն ու գլխավոր դատախազությանն ուղղված հարցաշարին, որի տակ ստորագրել են միայն «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը, «Հայ ազգային կոնգրես» դաշինքն ու «Ժառանգություն»-ը, Փաշինյանը չցանկացավ ենթադրություններ անել ԲՀԿ-ի՝ հարցաշարի նախաձեռնությանը չմիանալու մասին:
«ԲՀԿ գործողությունները թող ԲՀԿ-ն մեկնաբանի, ՀԱԿ-ը մասնակցել է հարցաշարի ձևավորմանը և իր ստորագրությունն է դրել հարցաշարի տակ»,- նկատեց նա:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս ձևով փորձ կարվի վերահսկողություն սահմանել և, գոնե, մասնակի բացահայտումներ ակնկալել. «Սա այն դեպքն է, երբ հանրությունն ամբողջական պատասխաններ պետք է ստանա՝ «Հարսնաքարի» հետ կապված»:
Պատգամավորը նշեց, թե այն, ինչ հուզում է հանրությանը՝ ձևակերպված է հարցաշարում, որն արդեն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն և Կառավարություն:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե այս հարցաշարով նաև կփորձեն պարզել, թե «Հարսնաքարի» գործը որքանո՞վ կապ ունի ԱԺ պատգամավոր, ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի հետ:
«Պետք է արձանագրել հետևյալը, որ հասարակությունը և քաղաքացիական հանրությունն, այդ առումով, ունի կասկածներ և մինչև օրս այդ կասկածները փարատված չեն: Կարծում եմ, որ նախաքննության կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի այդ հարցերին ամբողջական և վստահելի պատասխան տալը: Եթե նախաքննության մարմինը կկատարի՝ լավ, եթե չի կատարի՝ քաղաքացիական հանրությունը պետք է հետևողական լինի, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի»,-ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը նկատում է, որ անպատժելիության մթնոլորտն է ծնում նման հետևանքներ. «Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ հանրային նշանակության հանցագործությունները, որոնք անպատիժ են մնացել՝ ծնում են նոր հանցագործություններ, և ամենևին պետք չէ զարմանալ, որ մի օր պարզվի, թե «Հարսնաքարում» առանցքային դերակատարում ունեցող անձինք նաև առանցքային դերակատարում են ունեցել 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը:









