Լոնդոնի Օլիմպիական խաղերի շուրջ սկանդալներն անպակաս են
Լոնդոնի Օլիմպիական խաղերը սպառնում են դառնալ ամենասկանդալայիններից մեկը, գրում է vz.ru-ն: Այսօր հայտնի է դարձել, որ բրիտանական իշխանությունները մերժել են Խաղերին հավատարմագրել Բելառուսի նախագահ, երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Այս որոշումը, հավանաբար, պայմանավորված է Լուկաշենկոյի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներով, որոնց համաձայն` նրա ու ևս մի քանի տասնյակ բելառուսցի չինովնիկի մուտքը ԵՄ անդամ որևէ երկիր արգելված է:
Մեկ այլ սկանդալ է հրահրել Վրաստանը: Երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ իր վրդովմունքն է հայտնել, որ Խաղերի կայքում, որտեղ ներկայացվում են մարզիկների մասին կենսագրական տվյալները, Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ Բեսիկ Կուդուխովի ծննդավայր է նշված Հարավային Օսիան, իսկ Դենիս Ցարգուշայինը` աբխազական Գուդաուտան, իսկ «Հարավային Օսիա» և «Գուդաուտա» բառերի կողքին փակագծերում նշված է «Ռուսաստան»: Վրաստանի ԱՕԿ-ի նախագահը պահանջել է որպես մարզիկների ծննդավայր նշել Վրաստանը:
Մեծ Բրիտանիայի հետ լարված հարաբերությունների պատճառով (Մալվինյան կղզիների շուրջ) որոշել է Խաղերը բոյկոտել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները: Նրան են միացել արգենտինական կառավարության անդամները:
Լոնդոնի 30-րդ ամառային խաղերը կմեկնարկեն ուրբաթ և կտևեն մինչև օգոստոսի 12-ը:









