ՌԴ ՊՆ նախկին գլխավոր բժիշկը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` կաշառակերության համար
Մոսկովյան շրջանային զինվորական դատարանը Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Բելևիտինին այսօր դատապարտել է 8 տարվա ազատազրկման` ծառայողական դիրքը չարաշահելու ու կաշառակերության մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բելևիտինի հետ միասին գործով քննվում է նաև նրա տեղակալը` գնդապետ Ալեքսեյ Նիկիտինը:
Քննության համաձայն` վարչության նախկին պետն ու իր տեղակալը նախարարությանը երկու տոմոգրաֆիկ սարքով ապահովելու մասին պայմանագրեր կնքելիս գործարարներից ստացել են մոտ 7 մլն ռուբլի կաշառք:
Ավելի վաղ դատարանից պահանջվում էր նրանց մեղավոր ճանաչել 180.000 եվրո ընդհանուր գումարի կաշառք ստանալու, ավելի քան 51 մլն ռուբլու չափով պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար` Բելևիտինի համար պահանջելով 12 տարվա խիստ ռեժիմով բանտարկություն` սահմանելով 1 մլն ռուբլու չափով տուգանք, իսկ Նիկիտինի համար` 7.5 տարվա խիստ ռեժիմով ազատազրկում` 300.000 ռուբլու չափով տուգանքով:
Նաև նրանց առաջարկվում էր զրկել զինվորական կոչումներից:









