Չինաստանը վիճահարույց կղզում նոր քաղաք է ստեղծում

10:58 • 25.07.12

Չինաստանը Հարավչինական ծովի կղզիներից մեկում, որին հավակնում են նաև Վիետնամն ու Ֆիլիպինները, նոր քաղաքի ստեղծման մասին է հայտարարել:

«Այս քայլով Պեկինն ապացուցեց ստորջրյա նավթային պաշարներն իր հսկողության տակ առնելու վճռականության մասին»,- գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն:

 

Սփրաթլի կղզիախմբի համանուն կղզում հուլիսի 24-ին կայացել է ավելի քան 1000 բնակչությամբ նոր` Սանշա անվամբ քաղաքի հիմնման պաշտոնական արարողությունը: Նշանակվել է նաև նոր քաղաքի ղեկավարը (անունը չի հաղորդվում):

Քաղաքում տեղակայվել է «դիվիզիոնի մակարդակի» ռազմական կայազոր: Այն պատասխանատու կլինի անվտանգության համար: Մեկնաբանելով իրադարձությունների նման զարգացումը` «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը հայտնել է, որ Պեկինն ամրապնդում է իր հավակնությունները ստորջրյա նավթի ու գազի պաշարների նկատմամբ:

Ծովով կղզի հասնելու համար պահանջվում է 13 ժամ: Նոր քաղաքում գործում է փոստ, բանկ, սուպերմարկետ, հոսպիտալ:


Չինաստանի նախաձեռնությունը քննադատել է Ֆիլիպինները, որը դիվանագիտական բողոք է հայտնել Պեկինին: Ֆիլիպինյան իշխանությունների վարկածով` Չինաստանը խախտել է Ֆիլիպինների տարածքային ինքնիշխանությունը:

Առավել սուր բնույթ են ստացել Չինաստանի ու Վիետնամի հարաբերությունները: Հանոյում անցկացվել են հակաչինական բողոքի ակցիաներ: