Սեռակրթությունը պետք է սկսել դեռ մանկուց. սեքսապաթոլոգ
Սեռակրթությունը մարդու ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է և մշտապես հարց է հնչում, թե ո՞ր տարիքից պետք է մարդուն տրվի այդ դաստիարակությունը: Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ դա պետք է սկսել դեռ մանկուց:
«Մարդկանց միշտ հետաքրքրում է, թե իրենք ինչպե՞ս են լույս աշխարհ եկել: Բայց հազվադեպ ենք լսում, որ ծնողը կարողանում է ճիշտ բացատրություն տալ: Սկսում են արագիլների, կաղամբների ու «մեշոկ պապիների» պատմությունները, որոնք գնալով կատարելագործվում են: Արդյունքում՝ ունենում ենք այն վակումը, որը կա այսօր»,-ասաց նա:
Ասուլիսին մասնակից մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը իրականում միայն Հայաստանում չէ, այլ առկա է ամբողջ աշխարհում: Նա նկատեց, որ երեխայի հարցերին պետք է տրվեն տարիքին համապատասխան պատասխաններ:
«Քանի որ ծնողներն իրենց երեխաների տարիքում ևս իրենց հարցերի համարժեք պատասխանները չեն ստացել, այդ պատճառով իրենք ևս չեն կարողանում պատասխանել իրենց երեխաներին»,-ասաց հոգեբույժ Արթուր Պողոսյանը:
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, թե շնորհիվ լրատվամիջոցների հրապարկումների, հարցազրույցների և անհրաժեշտ լուսաբանումների, ակնհայտ է, որ այս ոլորտում տեղաշարժ կա:
«Դա պարզորոշ երևում է նույնիսկ մեր հիվանդների հարցերից: Նախկինում մարդիկ անգամ չգիտեին, թե ո՞վ է սեքսապաթոլոգը: Բայց այսօր մարդիկ շատ են դիմում մեզ: Սակայն այսօր անելիքները շատ են, հատկապես, մարզերում»,-ասաց նա:
Ըստ բժշկի՝ սեռակրթությունը պետք է ներմուծվի բոլոր դպրոցներում ու բուհերում, որպեսզի մեր դեռահասներն ու երիտասարդները պատասխաններ ստանան մասնագետներից:
«Պետք է որոշակի սերնդից սկսենք: Եթե ավագ սերունդը կաշկանդվում է, ապա այսօր երիտասարդներն ազատ են և նրանց պետք է ուղղություն տալ ճիշտ սեռադաստիարակել իրենց երեխաներին: Եթե ծնողը լռի, նրան կդաստիարակի փողոցը»,- ասաց Վ. Շահրամանյանը::
Մանկապատանեկան հոգեբույժը խորհուրդ տվեց ծնողներին հնարավորինս անկեղծ լինել իրենց երեխաների հետ և նրանց հետ զրուցելիս ընտրել տարիքին համապատասխան բառեր:
«Հաճախ ծնողներն իրենց չիմացությունը ծածկում են հեքիաթներով, բայց դրա կարիքը չկա: Եթե ինչ-որ բան չգիտեք, երեխային ասեք՝ այս պահին չգիտեմ, կմատածեմ, կասեմ»,- խորհուրդ տվեց հոգեբույժը:









