ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են շնորհավորել ԼՂՀ ընտրությունների կապակցությամբ

11:41 • 25.07.12

ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը  և այլք շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ու ժողովրդին` վերջին նախագահական ընտրությունների ժողովրդավարական ընթացքի համար. տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:

Ավելի վաղ, շնորհավորանքով էին հանդես եկել Էդ Ռոյսը և Ֆրենկ Փալոնը, ովքեր ողջունել են հուլիսի 19-ին կայացած քվեարկության արդյունքները, որոնց արդյունքում Բակո Սահակյանը վերընտրվել է նախագահի պաշտոնում:

Շուրջ 110 միջազգային դիտորդ` ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպական միությունից, նախկին ԽՍՀՄ պետություններից և Հայաստանից, բարձր են գնահատել ընտրությունների ընթացքը:


Ընտրություններից հետո կոնգրեսմեն Բերմանն ասել է. «ԼՂ ժողովուրդը պետք է շարունակի կառուցել իրենց պետությունը ժողովրդավարական հիմքերով: Ես շնորհավորում եմ նախագահ Սահակյանի հաջողությունը` հուլիսի 19-ի ընտրություններում: Ես նրան հաջողություն եմ մաղթում ԼՂ-ն առաջնորդելու` դեպի հարցի վերջնական կարգավորումը»,-ասել է նա:

Բերմանը նշել է, որ հարգում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը:

 

Կոնգրեսական Շերմանը նույնպես շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` վերընտրվելու կապակցությամբ:

«Անկախությունից ի վեր Արցախը զարգացրել է ժողովրդավարությունը և չնայած առկա մարտահրավերներին` ձևավորել կենսունակ քաղաքացիական հասարակություն»,- ասել է նա:

Շերմանը շնորհավորել է նաև Արցախի ժողովրդին` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար և նշել, որ շարունակելու է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությանն ու բարգավաճմանն ուղղված աջակցությունը:


Ադամ Շիֆը նույնպես շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին: Նա նշել է, որ հինգշաբթի կայացած ընտրությունները ազատ և արդար որակվեցին:

«Արցախի ժողովուրդը շարունակում է նվիրումն ազատությանն ու ժողովրդավարացմանը, չնայած երկու տասնամյակ ավելի մեծ, հարուստ և ոչ ժողովրդավարական հարևանի կողմից շարունակվող բռնություններին ու սպառնալիքներին»,- ասել է նա:

«Ես չեմ կարող չհպարտանալ հաջող ազատ և արդար ընտրություններով Լեռնային Ղարաբաղում»,- ասել է հանրապետական կոնգրեսական Աննա Էշուն:


Նա նշել է, որ Արցախը միշտ շարունակելու է ստանալ իր աջակցությունը, քանի որ չնայած տասնամյակներ շարունակվող բռնությանն ու սպառնալիքներին` ոչ ժողովրդավար հարևանի կողմից, Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ազատությանն ու ժողովրդավարությանը:


ԼՂՀ ընտրությունների կապակցությամբ շնորհավորել են նաև հանրապետական Ջիմ Քոսթան և Կոնգրեսմեն Դևիդ Չիչիլինեն, ում հայրենի նահանգ Ռոդ Այլենդ նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը: