«Վոլկսվագեն»-ը, բախվելով երկաթյա արգելապատնեշներին, հայտնվել է Ազատ գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր

09:03 • 25.07.12

Այսօր, հուլ 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Գիշերը ժամը 00:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա Գագիկ Միրզախանյանը, վարելով «Վոլկսվագեն» մակնիշի 32 ՕՏ 265 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Ազատավան գյուղի հատվածում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամուրջի երկաթյա արգելապատնեշներին և ընկել Ազատ գետը:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Միրզախանյանը և ուղևոր` Երևանի 42-ամյա բնակիչ Արսեն Ազատյանը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնում ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:

Հիվանդանոցի ճանապարհին Ա. Ազատյանը մահացել է: Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Արտաշատի հրշեջ-փրակարաներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, վարորդին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Ազատավան գյուղի բնակիչները:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

ՃՈ աշխատակիցները ավտոմեքենան դուրս են բերել վթարի վայրից և տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանման տարածք: