Ադիբեկյանը պնդում է, որ իր «սև PR»-ը չի ազդել ԼՂՀ ընտրությունների արդյունքների վրա
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների մասին իր հրապարակած տվյալներում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնն ընդամենը 5%-ի չափով է սխալվել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, նկատելով, թե դրա պատճառն այն է, որ հարցումներին ընդգրկել էին 960 մարդ, այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ընդգրկել 1600 ընտրող:
«Իմ հրավիրած ասուլիսում ես ասացի, որ լինելու է միափուլ ընտրություն՝ իրականացավ, ասեցի, որ գալու է 75% ընտրող՝ իրականացավ, ասացի, որ հաղթելու է Բակո Սահակյանը՝ իրականացավ, որ գործող նախագահը չի հավաքի 85% ձայն՝ իրականացավ: Ինչպես տեսնում եք, ինչ կանխատեսումներ արվել են՝ իրականացել է»,-ասաց Ադիբեկյանն ու հավելեց, թե այս ամենից հետո իր կանխատեսումների վերաբերյալ Վիտալի Բալասանյանի գրասենյակից հնչող քննադատություններն անհեթեթ են:
«Հիմա, երբ պարտվել է, պատճառներից մեկը համարում է այն, թե ես սև PR եմ արել և, իբր, իմ կեղծ, սխալ կանխատեսումներն իրենց սև գործն են արել՝ հասարակության վրա կարծիք ձևավորելով»,-ասաց սոցիոլոգը:
Ա. Ադիբեկյանի խոսքով՝ ինքն ամեևին էլ չի ապակողմնորոշել ընտրողներին.«Հանրային կարծիքն ինքնաձևավորվող մեխանիզմ է, մենք՝ լավագույն դեպքում ազդում ենք 10%-ի ընտրության վրա, այն էլ, ընդամենը, կողմնորոշումն ենք, հստակեցնում»:
Սոցիոլոգը բացատրեց այսպես. եթե իրենք ասում են, թե Պողոսը հաղթում է, նրա ընտրողները ավելի են հաստատակամ դառնում ընտրության հարցում, և հակառակը, եթե ասում են Պետրոսը պարտվում է, նրա ընտրողներն են ամեն ինչ անում են, որ Պետրոսը հաղթի:
Խոսելով «սև PR-ի» մասին՝ Ադիբեկյանը նկատեց, որ Բակո Սահակյանի թիմից ոչ մի բացասական գնահատական չի հնչել Վիտալի Բալասանյանի հասցեին: «Թեպետ նրանք դրա հնարավորությունն ունեին: Եթե նրանք հրապարակեին ՊՆ արտագնա կոլեգիայի նիստի արձանագրությունները, որտեղ քննարկվում էր գեներալ Վիտալի Բալասանյանի աշխատանքը, դա բավական էր, որ նրան վարկաբեկեին՝ ցմահ: Բայց նրանք դրան չգնացին, իսկ ես դրա մասին գիտեի, բայց չեմ էլ ակնարկել»,-հայտարարեց սոցիոլոգը:
Վերջինս նկատեց, որ այդ ամենից հետո Վիտալի Բալասանյանն իրեն վերապահեց քննադատել մի նախագահի, որի նախագահության ընթացքում կրկնապատկվել է ՀՆԱ-ն, 2 անգամ աճել է բյուջեն, 1500 բնակարան է կառուցվել, աշխատավարձ է բարձրացվել ու բնակչության աճ է գրանցվել.«Եվ դրանից հետո նա հայտարարում է, որ հետքայլ է եղել բոլոր ոլորտներում: Սա սև PR է՞, թե՞ պիտակավորում»,- հարցրեց նա և շարունակեց՝ այդքանից հետո իրեն են մեղադրում սև PR իրականացնելու հարցում:
Ասուլիսի ավարտին Ադիբեկյանը հիշեցրեց՝ երբ մի քանի տարի առաջ ինքն ասում էր, թե Տիգրան Կարապետյանը քաղաքականությունից դուրս կմնա, նրան կրկին քննադատում էին. «Փառք Աստծո, Տիգրան Կարապետյանից, վերջապես, ազատվեցինք: Որ ասում էի՝ նրա անունը չեք լսի կես տարուց, տեսնո՞ւմ եք, մթնոլորտն ինչքան է մաքրվել: Հիմա մի հատ նոր Տիգրան Կարապետյան է եկել ու իր տգետ գնահատականներով իրեն վերապահում է քննադատել մեր մասնագիտական եզրակացությունը»,- եզրափակեց Ահարան Ադիբեկյանը:









