Ամռան շոգին պարտադիր պետք է օգտագործել 3-3,5 լիտր հեղուկ. մասնագետ

15:05 • 26.07.12

Ամռանն օրգանիզմը ենթարկվում է փոփոխությունների, նյութափոխանակությունը մեծանում է և օրգանիզմը մեծ չափով հեղուկի կարիք է զգում, հետևանար, հարկավոր է շատ հեղուկ օգտագարծել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան` Վարդանուշ Պետրոսյանը:

 

«Ամառային սննդամթերքը միրգն է, բանջարեղենը, ինչը և խորհուրդ է տրվում ուտել: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է բացառել մսի, ձկան օգտագործումը սննդակարգում: Պարզապես, դրանց քանակությունը պետք է սահմանափակել: Խոզի մսի փոխարեն խորհուրդ է տրվում ուտել գառան կամ տավարի միս, որոնք ավելի պակաս յուղային են»,- ասաց բժիշկ-սննդաբանը:


Մասնագետը խորհուրդ է տալիս, ամռան այս շոգ օրերին, երեկոյան ուտել միայն բանջարեղենային սնունդ կամ կաթնամթերք: Իսկ ընդհանրապես, ամբողջ ամռան շրջանում նա պարտադիր է համարում մոտ 3-ից 3,5 լիտր հեղուկի ընդունումը, միաժամանակ նկատելով՝ ճնշման խնդիրներ ունեցողները չպետք է գերազանցեն 1.5 լիտրը:


«Հեղուկ ասելով՝ նկատի ունեմ թեյ, սուրճ, մրգային թարմ հյութեր և, իհարկե, ջուր: Գազավորված ըմպելիքը ջուր չի համարվում. գունավոր գազավորված ըմպելիքները, բացի այն, որ պարունակում են արհեստական նյութեր և շատ մեծ քանակությամբ շաքարավազ, ինչն էլ ստիպում է նորից խմել: Դրանք խորհուրդ չեմ տալիս խմել ոչ՛ ամռանը, ոչ՛ ձմռանը»,- ասաց նա և ընգծեց՝ այնպիսի կլիմայական պայմաններ ունեցող վայր, ինչպիսին Երևանն է, անհրաժեշտ է ջուր խմել՝ առանց նույնիսկ դրա կարիքն ունենալու: