Կոլորադոյի հրաձիգը զանգվածային սպանության նախագծի մասին տեղյակ է պահել իր հոգեբանին

09:11 • 26.07.12

Ջեյմս Հոլմսը, ով կասկածվում է Բեթմենի նոր ֆիլմի պրեմիերայի ընթացքում 12 մարդու սպանության և տասնյակ մարդկանց վիրավորելու մեջ, իր նախագծի մասին տեղյակ է պահել իր հոգեբանին: Այդ մասին տեղեկացնում է Fox News-ը` հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:


Կոլորադոյի համալսարանը, որտեղ, ի դեպ, սովորել է 24-ամյա Հոլմսը, ծանրոց է ստացել, որում եղել է մի տետր, որտեղ մանրամասն նկարագրված է եղել սպանությունը: Տետրի մեջ Հոլմսը նկարել է, թե ինչպես է պատրաստվում սպանել մարդկանց:


Նա ծանրոցն ուղարկել է համալսարանում հոգեբանության իր դասախոսին, ով միաժամանակ իր հոգեբանն է եղել:


Ծանրոցը հայտնաբերվել է հուլիսի 23-ին, սակայն տեղեկություններ կան այն մասին, որ ուղարկվել է դեռևս հունիսի 12-ին: Թե կոնկրետ ինչ ճանապարհով է ուղարկվել, հայտնի չէ:


Հոլմսը հուլիսի 20-ին Կոլորադոյի նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում սպանել էր 12 մարդու, իսկ 58-ին վիրավորել էր:


Նա ձերբակավել էր զանգվածային սպանությունից անմիջապես հետո և ոստիկաններին հայտարարել, որ ինքը «Ջոկերն» է` Բեթմենի հիմնական թշնամին: