Էրդողանը սպառնացել է քրդերի պատճառով ռմբակոծել Սիրիան

16:48 • 26.07.12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեղադրել է Սիրիայի իշխանություններին` Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին աջակցելու համար:

«Բաշար ալ Ասադը 5 շրջան հանձնել է քրդերին և նրանց տարածքային կառույցներին»,- հայտարարել է Էրդողանը:


Հարցին, թե ինչ է պատրաստվում անել Թուրքիան դրա դեմ, Էրդողանը պատասխանել  է, որ կանեն այն, ինչ Իրաքում:


Թուրքերը պարբերաբար ռմբակոծում են Հյուսիսային Իրաքի քրդական բազաները: Էրդողանը նշել է, որ Անկարան դիմում է այդ քայլին` «անհրաժեշտությունից ելնելով»:


Գրեթե միաժամանակ Սիրիայի ընդդիմության քուրդ ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե Թուրքիան իրենց ռազմական աջակցություն ցուցաբերի, ապա իրենք պատրաստ են կռվել Ասադի դեմ:


«Եթե Թուրքիան մեզ զինված աջակցություն ցույց տա, մենք` և քրդերս, և արաբները կարող ենք պայքարել ոչ միայն Ասադի ռեժիմի, այլև PKK-ի դեմ»,- հայտարարել է Սիրիայի հյուսիսի ապստամբների ղեկավարներից Ուբեդ Մուսան:

 

Նա նշել է, որ իր զինյալներին զենք ու զինամթերք է անհրաժեշտ: Մուսան խոստացել է նման աջակցություն ստանալու դեպքում PKK-ին վերացնել Սիրիայից:

«Մենք շատ լավ գիտենք, թե որտեղ են նրանք տեղակայվել և որ շրջաններն են վերահսկում»,- ասել է նա: