Ինքնահրկիզման փորձ կատարած նախիկին ոստիկանը դադարեցրել է հացադուլը

18:38 • 26.07.12

ՀՀ նախագահի նստավայրի առաջ hունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը դադարեցրել է այսօր հայտարարած հացադուլը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ալումյանը, տեղեկացնելով, որ Ոստիկանությունից նոր խոստում ստանալով՝ վերադարձել է տուն:

 
«Ինձ ընդունեց քաղաքային վարչության պետը՝ Վալերի Օսիպյանը ( ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար- Tert.am) ասաց, որ նախարարությունից նորից կարգադրել են՝ հարցին շտապ լուծում տալ ու վերջանա գնա: Ասաց, որ դու ոչ էս յաները գաս, ոչ էլ գումարի հարցի պահանջ լինի»,- պատմեց նախկին ոստիկանը:
 

Հիշեցնենք, որ 5 անչափահաս երեխաների հայր և նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը պահանջում է Ոստիկանությունում արտաժամյա աշխատանքի դիմաց իր 2,5 մլն դրամը: Նրան և՛ նախագահականում, և՛ Ոստիկանությունում խոստացել էին լուծել հավելավճարների ու աշխատավարձի հարցը, ինչպես նաև, աջակցել հիվանդ աղջկա՝ Կարինեի բուժօգնության հարցում, նաև ապահովել աշխատանքով:


Մխիթար Ալումյանը նշեց, որ ինքը համաձայնել է դադարեցնել հացադուլը՝ իր խնդիրը լուծելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը. «Ասացի, ես էլ եմ հոգնել, հացադուլ անելով: Եթե այս անգամ էլ հարցը չլուծեք՝ ձեռքիս տակ եղած փաստաթղթերն ու մատյանի պատճեններն եմ հրապարակելու, ինչպես նաև պատմելու եմ Հրազդանում կատարվող անօրինությունների մասին, թե ոնց են տասնյակ միլիոններ՝ իմ նման տղաների հաշվին, ոմանց գրպաններում հայտնվում, այդ ժամանակ՝ չփոշմանեք: Իրանք էլ ասեցին՝ շանտաժ ե՞ք անում, ասեցի՝ ոչ, շանտաժ չեմ անում, այլ իմ շահերն եմ պաշտպանում»,- հանդիպման մանրամասները ներկայացրեց Մ. Ալումյանը:


Ըստ նրա՝ Վալերի Օսիպյանը նշել է, որ մինչև օգոստոսի 1-ը բոլոր հարցերին լուծում կտրվի, հակառակ դեպքում նախկին ոստիկանը ինչ ուզում է, թող անի:


Ալումյանն աղջկա առողջական խնդիրների լուծման համար նախագահականից աջակցություն է ստացել և հիմա սպասում է 10-ամյա հաշմանդամ աղջկա վիրահատությանը, որը կիրականացվի բուժում ստանալուց հետո:
 

Բացի այդ, նա տեղեկացրեց, որ Իջևանում պայմանագրային զինծառայողի իր աշխատանքի վերականգնման մասին  խոստումը դեռ չի կատարվել և հույս հայտնեց, որ այդ խնդիրը մոտ ժամանակներում կլուծեն: Նրան միայն մերժել էին աշխատանքի և հավելավճարների խնդրի լուծման հարցում, ինչն էլ նա այսօր պահանջում էր ՀՀ ոստիկանության շենքի առջև հացադուլ հայտարարելով: