«Արմավիան» օգտվում է առիթից և լցնում իր՝ առանց այդ էլ լցված գրպանները. ՍԴՀԿ

17:37 • 26.07.12

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր վրդովմունքն է հայտնում հայկական ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» Հալեպ-Երևան տոմսի թանկացման առիթով:


Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.


«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը ուշիուշով հետևում է Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Սիրիայի մեծ քաղաքներում բնակվող հազարավոր մեր հայրենակիցներն ամեն օր քնում և արթնանում են ռումբերի, կրակոցների տակ՝ մշտապես վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը:

 

Չնայած դրան՝ ՍԴՀԿ-ին պարբերաբար բողոքներ են հասնում, որ դեպի Հալեպ կատարվող հայկական ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» տոմսերը շուրջ կրկնակի թանկացել են, ավելին՝ դրանք մտել են այսպես կոչված «սև շուկա»:


Փաստորեն, որոշ անհատ ձեռներեցներ որոշել են օգտվել իրենց հայրենակիցների անելանելի վիճակից և այս կերպ լցնել իրենց առանց այդ էլ լցված գրպանները:

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը վճռականորեն բողոքում է ստեղծված իրավիճակի դեմ, կոչ անում պատկան մարմիններին օր առաջ լուծել այս խայտառակ իրավիճակը, որն արդեն իսկ հասցրել է վրդովմունքի ալիք բարձրացնել ոչ միայն սիրիահայության, այլ նաև ողջ հայության շրջանում: Հասկանալով, որ այս պահին հնարավոր չէ պետականորեն ամբողջությամբ լուծել խնդիրը, ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է իր համեստ ջանքերը ներդնել Մայր Հայրենիք ժամանող սիրիահայության ժամանակավոր կեցության և ապրուստի հարցերը լուծելու առումով:

 

ՍԴՀԿ Կենտրոնական գրասենյակում ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որը Սիրիայից Հայաստան ժամանող ցանկացած մեր հայրենակցի պատրաստ է հնարավորինս աջակցել: Ավելին, մենք պատրաստակամ ենք համագործակցել պատկան մարմինների հետ՝ մեր հայրենակիցներին օգնելու և զորավիգ լինելու հարցում»: