Այսօր ինտերնետի միջազգային օրն է. Հայաստանում այն սկսել են օգտագործել 1992-ից
Աշխարհում առաջին անգամ էլեկտրոնային փոստով մեկ համակարգչից մյուս համակարգչին նամակ է ուղղարկվել 1972 թվականին, սակայն դա չի կարելի ինտերնետի ծնունդ համարել, այս մասին այսօր՝ ինտերնետի միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի ինտերնետ հանրության հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
«Հայաստանում 1992 թվականին են տեղադրվել մոդեմային սարքերը, որոնք արժեին 900 դոլար և, որոնց շնորհիվ հեռախոսներից կարելի էր ինտերնետին միանալ, սակայն շատ թանկ էր և դրանից օգտվում էին շատ քիչ կազմակերպություններ»,- նշեց նա։
Գրիգոր Սաղյանը նշում է, որ Հայաստանում անհատներն սկսեցին ինտերնետից ավելի շատ օգտվել 2000 թվականից հետո, իսկ արդեն 2007 թվականին ինտերնետը մեծ տարածում գտավ և սկսեց զարգանալ հայաստանյան շուկայում:
Նրա խոսքով՝ Հայաստանում ամենաշատ ինտերնետ բաժանորդ ունի «Արմենտել» ընկերությունը՝ ավելի քան կես միլիոն բաժանորդ, մյուս ընկերությունները զգալիորեն զիջում են:
Ի դեպ, Հայաստանում միջին հաշվարկով՝ մեկ բաժանորդին ընկնում է 3 մբ. վայրկյան ինտերնետ արագություն, մինչդեռ Ռուսաստանում այն 100 մբ. վայրկյան է:









