«Վեցյակը» Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները կշարունակի Ստամբուլում
Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունները, ուղղված Թեհրանի միջուկային խնդրի կարգավորմանը կշարունակվեն Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ հուլիսի 25 նման համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի` Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխնախագահ Ալի Բագերիի հետ հանդիպման ընթացքում:
Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ, Բագերին թուրքական դիվանագիտության ղեկավարին տեղեկացրել է, նախօրեին Ստաբմուլում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդթի հետ հանդիպման մասին:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, միայն նշվում է, որ Դավութօղլուն Ստամբուլում Իրանի` «վեցյակի» հետ բանակցային գործընթացին իր աջակցությունն է հայտնել:
Միջազգային միջնորդների խումբը՝ «վեցյակը», որի մեջ են մտնում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան, 2003թ.–ից ՄԱԳԱՏԷ–ի հետ համատեղ Իրանից պահանջում է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, որոնք կարող են սպառնալ միջուկային անվտանգությանը։









