Կարեն Անդրեասյանն իր զորակցությունն ու օգնության պատրաստակամությունն է հայտնում Հրայր Թովմասյանին

10:51 • 26.07.12

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր գրություն է ուղարկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ իր զորակցությունը հայտնելով նրան ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի կապակցությամբ: Գրությունում ասված է.


Հարգելի պարոն Թովմասյան,

 

Մեր կողմից ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը: Դատաիրավական ոլորտում նախկինում մշակված բազմաթիվ համանման ծրագրերից այս մեկը շահեկանորեն տարբերվում է իր համակարգային մոտեցմամբ, իրական փոփոխություններ ապահովող լուծումներով և իրատեսական մեխանիզմներով:

 

Նախկինում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանում արդար և հաշվետու դատական իշխանության կայացման խնդրի մասին: Մեր գնահատմամբ այս ծրագիրը նախատեսում է դատական իշխանության բարեփոխումների այն մեխանիզմները, որոնք կարող են լուծել հանրության համար ամենացավոտ՝ արդարադատության խնդիրը: Մասնավորապես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի և հիմքերի վերաբերյալ բարեփոխումները, դատախազության գործունեության արդյունավետության և մատչելիության բարձրացումը, ինչպես նաև իրավական համակարգի այլ ոլորտների բարելավմանն ուղղված փոփոխությունների իրականացումը իրական հիմք կարող են դառնալ այդ համակարգերի և ոլորտների բարեփոխման համար:


Գիտակցում ենք, որ նույնիսկ լավագույն ծրագրի դեպքում միայն դրա իրագործմամբ է հնարավոր դրական փոփոխություն ակնկալել յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Միևնույն ժամանակ վստահ ենք, որ առանց հասարակության բավարար ընկալման և լայն աջակցության բարդ կլինի լիարժեք հաջողել այս հավակնոտ և դրական նախաձեռնության մեջ:

 

Հետևաբար, մեր զորակցությունն ենք հայտնում այս ուղղությամբ սկսած Ձեր նախաձեռնություններին: Պատրաստակամ ենք մեր լիազորությունների և կարողությունների սահմաններում ամեն կերպ աջակցել Ձեզ, որպեսզի դատաիրավական բարեփոխումները մոտ ապագայում դառնան իրականություն: Հուսով ենք, որ հասարակական և քաղաքական բոլոր ուժերը, խորությամբ ծանոթանալով այս ծրագրին, նույնպես կաջակցեն Ձեզ սպասվող դժվարին աշխատանքներում: