Ընդդիմությունը կարող է մասնատել ԼՂՀ փոքր համայնքը. Ահարոն Ադիբեկյան

16:43 • 26.07.12

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ մեծ վտանգ կա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդդիմությունը կարող է մասնատել տեղի փոքր համայնքը։


«Դա լավ հասկանում է նաև Վիտալի Բալասանյանը (նախագահական ընտրություններում պարտված թեկնածուներից մեկը – Թերթ.ամ), և իր հայտարարություններից մեկն այն մասին էր, որ եթե ինքը դառնա նախագահ, ապա նորից կմիավորի համայնքը: Այսինքն՝ նա գիտակցում է, որ ինքը պառակտում է համայնքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգը:



Նման ձևով քաղաքականություն վարել մի երկրում, որը գտնվում է պատերազմի շեմին՝ Ահարոն Ադիբեկյանն անընդունելի է համարում։


«Այն երկրները, որոնք գտնվում են պատերազմական իրավիճակում, սովորաբար, փորձում են ազատվել ընդդիմությունից և լինել միահամուռ», - ասաց նա՝ հակադարձելով որոշ իրավապաշտպանների ու դեմոկրատների հնչեցրած տեսակետներին, թե Արցախում ընդդիմությունը, վերջապես, կհաստատի ժողովրդավարություն և ամբողջ աշխարհին դուր կգա որպես ժողովրդական երկիր:


«Դա այդպես չէ, ընդդիմությունը կարող է լինել տարբեր երանգների ու տեսակների, բայց նույնիսկ 300 տարի առաջ, երբ Հունաստանում պատերազմ էր, հոգևոր առաջնորդն իր իրավունքները զիջում էր ռազմական թագավորին, որպեսզի մեկ ստրատեգիայով կառավարվեր երկիրը: Նույնը՝ միահամուռ և միասնական, պետք է լինել այն երկրում, որը գտնվում է պատերազմի շեմին »,- ասաց սոցիոլոգը: