Արձագանք դատախազության հոխորտանքներին, մանկական խայթոցներին. ՄԻՊ

17:26 • 26.07.12

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Գլխավոր դատախազության մեկնաբանությունները շարունակվում են: ՄԻՊ գրասենյակն է արձագանքել Գլխավոր դատախազության՝ այսօր առավոտյան արված մեկնաբանությանը:

 

Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ-ի արձագանքը.


  «Շարունակելով անարժեք վիրավորանքները` դատախազությունն այդպես էլ չի կարողացել հերքել երկու կարևոր հանգամանք:

1. Գործի քննության ընթացքում հակասական բացատրությունների առկայության դեպքում պետք է հարուցվեր քրեական գործ, ինչը չի արվել:


2. Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:


Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:

Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը ցավոք որևէ բան չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջ կյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած այլ մարդկանց գործերում:

Այսքանով, սպառված ենք համարում այս խախտման հրապարակային քննարկումը: Կշարունակենք դատախազության և այլ պետական մարմինների գործունեության մեջ տեղ գտած մարդու իրավունքների խախտումների բացահայտման և վերացման մեր դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված աշխատանքը»: