Ռուսաստանը սպառազինությունների մրցավազքի մեջ չի մտնելու. Պուտին

14:23 • 26.07.12

Մոսկվան չի պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, սակայն ոչ ոք չպետք է կասկածով վերաբերվի ռուսական միջուկային զենքի արդյունավետությանն ու հուսալիությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` սպառազինությունների պետական ծրագրի իրագործմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:


Նա հիշեցրել է, որ այսօր միջուկային զենքի ու օդատիեզերական հարձակման միջոցների տիրապետող բոլոր գերտերությունները «խաղադրույքներ են անում դրանց կատարելագործման ու զարգացման վրա, ակտիվորեն մշակում են կառավարման համակարգեր, բարձրացնում հետախուզության միջոցների արդյունավետությունը, հսկողությունն ու տեղեկատվության հավաքագրումը»:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի անվտանգության ապահովման հարցում նման ջանքերի համար հատուկ պատասխանատվություն է պահանջվում:

«Դա վերաբերում է միջուկային զենքին, որը շարունակում է լինել Ռուսաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության կարևորագույն երաշխիքը, կարևոր դեր խաղալ գլոբալ ու տարածաշրջանային հավասարակշռության, կայունության ապահովման հարցում»,- ասել է նա:


Նրա խոսքով`մեծ նշանակություն ունի նաև Օդատիեզերական պաշտպանությունը (ՕՏՊ) :

«Այն պետք է մշտապես մարտական պատրաստակամության վիճակում լինի, հաշվի առնի պոտենցիալ թշնամու հարձակման միջոցների զարգացման ծրագրերը, ապահովի հստակ ու օպերատիվ փոխգործակցություն տարբեր զորատեսակների հետ»,- ասել է Պուտինը:

 

Նա նշել է, որ բոլոր ծրագրերն անհրաժեշտ է իրագործել նախատեսված ժամկետում: Արդյունքում, ըստ ՌԴ ղեկավարի, մինչև 2020թ.-ը ռազմավարական միջուկային ուժերում ժամանակակից սպառազինությունների մասնաբաժինը պետք է կազմի 75-85%, իսկ ՕՏՊ զորքերում` 70%-ից ոչ պակաս:


ՕՏՊ միասնական համակարգի ստեղծման մասին 2010թ.-ի նոյեմբերին հայտարարել էր այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: