London2012.com-ում Հայաստանը ներկայացված է որպես Ռուսաստանի մարզ
Լոնդոնի օլիմպիական խաղերի պաշտոնական կայքէջը` london2012.com-ը, Հայաստանն ու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն «փոխանցել» է Ռուսաստանին, հայտնում է vesti.az-ը` վկայակոչելով Խաղերի պաշտոնական կայքէջը:
Ռուսաստանի հավաքականի անդամ, հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի անձնական տվյալների «ծնվելու վայրն ու ամսաթիվը» տողում նշված է` «ծնվել է 1983թ.-ին, Բաքվում»: Սխալն այն է, որ Բաքուն ներկայացված է Ռուսաստանի կազմում, երբ պետք է փակագծում նշված լիներ (Azerbaijan, USSR):
Կոպիտ սխալ է արվել նաև Ռուսաստանի հավաքականի մեկ այլ հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանի կենսագրական տվյալներում, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես Ռուսաստանի մարզ (Armenia Region (RUS)):
Երեկ սխալներ են հայտնաբերվել նաև ուկրաինացի մարզիկների տվյալներում, ինչի պատճառով Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն Խաղերի կազմակերպիչներից պահանջել է անհապաղ շտկել դրանք: Մասնավորապես` Տատյանա Բազյուկի կենսագրականում, ով մասնակցելու է առագաստանավային սպորտի մրցումներին, ծննդավայր է նշված Լուցկը, որի կողքին փակագծերում նշված է Ռուսաստան, այն դեպքում, որ Լուցկը գտնվում է Ուկրաինայում:
Նախօրեին նման պահանջով Օլիմպիադայի կազմկոմիտեին էր դիմել նաև Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, որտեղ երկու մարզիկների ծննդավայրերը` Աբխազիան ու Հարավային Օսիան, ներկայացվել էին Ռուսաստանի կազմում: Եվ դա այն պարագայում, երբ Մեծ Բրիտանիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն վաղը:









