Դատարանը մերժել է Սոբչակին վերադարձնել առգրավված 1.4 մլն եվրո գումարը
Մոսկվայի Բասմաննի դատարանն այսօր ընդունած որոշմամբ մերժել է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին վերադարձնել իր տնից առգրավված 1.4 մլն եվրո գումարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Չորեքշաբթի Սոբչակը Twitter-ի իր միկրոբլոգում բացատրել էր, թե ինչու Ռուսաստանի Քննչական կոմիտեն չի ցանկանում վերադարձնել իրենից առգրավված 1.4 մլն եվրոն:
«ՔԿ ներկայացուցիչը հակիրճ արտահայտվեց` Քննչական կոմիտեն չի ցանկանում վերադարձնել գումարը, քանի որ վստահ չէ, որ դրանցով չեն ֆինանսավորվի զանգվածային անկարգություններ»,- գրել է Սոբչակը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին հաղորդավարուհին հայցով դիմել էր Մոսկվայի Բասմաննի դատարան` բողոքելով իրավապահ մարմինների անօրինական գործողությունների դեմ:
Իսկ հունիսի 11-ին, նրա, ընդդիմադիր ակտիվիստներ Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Ուդալցովի, Իլյա Յաշինի ու այլ ընդդիմադիրների տանն անցկացվել էին ստուգումներ, որոնց արդյունքում հաղորդավարուհու տանը հայտնաբերվել էր մոտ 1.5 մլն եվրո գումարով ծրար:









