Երբ «բուտկայից» մեծ խանութներ ենք գնում, տեսնում ենք ավելի մաքուր վիճակ. Արմեն Պողոսյան

13:53 • 26.07.12

Հայաստանում սննդի որակը, անվտանգությունը, ընտրության հնարավորությունն ակնհայտորեն դրական փոփոխության միտում ունի, սակայն վիճակը հեռու է բավարար լինելուց. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:


«Երբ բուտկայից մեծ խանութներ ենք գնում, տեսնում ենք ավելի մաքուր վիճակ, սպասարկումը լավացել է՝ համեմատելով նախորդ տարիների հետ: Հասկանում ենք, որ իսկապես դեպի լավը կա տարբերություն, բայց, իհարկե, թերություններն էլ անխուսափելի են»,-ասաց նա:
 

Արմեն Պողոսյանը նշեց, որ արդեն երկու տարի է, որ սննդից թունավորման զանգվածային դեպքեր չեն արձանագրվել։
«Մենք վաղուց է, որ սննդի հետ կապված թունավորման աղաղակող դեպքեր չենք ունեցել: Վերջինը երկու տարի առաջ էր՝ Վանաձորում՝ քաղցրավենիքից, դրանից առաջ էլ՝ ջրից: Սա խոսում է այն մասին, որ սննդի հարցը հասարակության ուշադրության կենտրոնում է»,– ասաց նա:


Դրականին զուգահեռ Պողոսյանը չխուսափեց խոսել նաև բացասական երևույթներից. «Օրինակ՝ մսի իրացման շուկայի մասին շատ են խոսում, սակայն այն շարունակում է մնալ վատ վիճակում: Բաց վիճակում մսի վաճառքը կատեգորիկ արգելվում է»:


Արմեն Պողոսյանի խոսքով՝ թարմ մսի վաճառքի կետում նույնիսկ անասնաբույժի թույլատվությունը փակցված չէ: Նա զգուշացրեց, որ թարմ միս գնելիս անպայման պետք է պահանջել անասնաբուժի թույլտվությունը, որը մեկ օրվա ուժ ունի։


Արմեն Պողոսյանը շարունակեց նշել թերացումները՝ ավելացնելով, որ անցած տարի առևտրի և սպասարկման վարչության հետ
համատեղ, իրենք մայրաքաղաքի 3 վարչական շրջանների 40 առևտրի կենտրոններում ուսումնասիրություն են իրականացրել, դրանցից 18-ը պատժվել են՝ ժամկետանց սնունդ վաճառելու համար:


«Գրեթե կեսը պատժվեցին քաղաքի կենտրոնում, իսկ դա ցույց է տալիս, որ վիճակը, այդուհանդերձ, բավարար չէ»,– նկատեց նա:


Սպառողների ասոցիացիայի նախագահն անուղղելի բացասական երևույթ համարեց հանգստի գոտիներում զոոհիգիենիկ վիճակը: «Մենք՝ հանգստացողներս ենք անփույթ, որ աղբավայրի ենք վերածում մեր հանգստի գոտիները, լինի դա գետի ափ, աղբյուր, թե՝ լիճ»,-ասաց Արմեն Պողոսյանը: