Մեղադրյալը դատարանում կտրել է երակները. հոր խոսքով՝ դա նյարդային պոռթկում էր
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ընդհատեց «Մոսկվա» կինոթատրոնում գողության գործով Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, քանի որ նիստի ժամանակ մեղադրյալներից Ստեփան Հովակիմյանը կտրել էր երակները. այս մասին Tert.am-ին ասաց Ստեփան Հովակիմյանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը:
Նա նշեց, դատավոր Մխիթար Պապոյանը հանձնարարել է շտապօգնության մեքենա կանչել, որից հետո իր տղային դուրս են բերել նիստերի դահլիճից, սակայն, ըստ նրա, ոչ թե հիվանդանոց են տեղափոխել, այլ հենց դատարանում բուժօգնություն ցուցաբերել:
Ստեփան Հովակիմյանին և Վահրամ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Մոսկվա» կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու համար: Նրանք մեղադրվում են 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ։
Բենիամին Հովակիմյանը տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է, իսկ հաջորդ նիստը նշանակվել օգոստոսի 14-ին: Նա նաև նշեց, որ դատարանը ամբաստանյալ Վահրամ Քերոբյանի կալանքը փոխարինել է գրավով: «Արդեն, հավանաբար, նիստից հետո կգնա տուն»,-ասաց նա:
Իր տղայի՝ Ստեփան Հովակիմյանի հարցում նա նույնպես հույս ուներ, որ դատարանն այսօր նրա խափանման միջոցը փոխելու որոշում կկայացներ, սակայն, ըստ նրա, քանի որ տղան ինքնավնասվեց, որոշմանը կսպասեն հաջորդ նիստում:
Բենիամին Հովակիմյանը չի հասկանում, թե ինչո՞ւ պետք է իր տղան իրեն վնասեր. «Դա ուղղակի ներվային պոռթկում էր, ես երեկ եմ նրան տեսել ու հետը խոսել, ամեն ինչ կարգին էր, ուղղակի այսօր նյարդերը տեղի տվեցին»-ասաց նա:
Ստեփան Հովակիմյանին և Վահրամ Քերոբյանին 2010 թ. փետրվարի 6-ին Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գողություն): 72 ժամ ձերբակալությունից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մինչ օրս Հովակիմյանը և Քերոբյանը, ում նույնպես հետագայում կալանավորել են, պահվում են Նուբարաշեն ՔԿՀ-ում:









