Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետի հետ

18:22 • 26.07.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի հետ, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի կայքը:


Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած իր պաշտոնական այցը հավուր պատշաճի կազմակերպելու և ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում:


«Կարծում եմ Ձեր այս այցի ընթացքում ինքներդ կհամոզվեք, որ մեր համագործակցության ընդլայնման առումով այսօր Երևանում բավականին լայն դաշտ կա, ինչը կփոխանցեք նաև Մարսելի մեր գործընկերներին: Ես իսկապես բարձր եմ գնահատում մեր երկու քաղաքների 20-ամյա համագործակցությունն ու բարեկամությունը և վստահ եմ, որ առաջիկա տարիներին այն էլ ավելի կզարգանա ու կխորանա» - նշել է Տարոն Մարգարյանը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները՝ Դիդիե Փարաքյանն իր հերթին նկատել է, որ այս անգամ իսկապես բավական կերպարանափոխված է տեսել Երևանն ու հաճելիորեն զարմացած է կարճ ժամանակում նման փոփոխությունների առատությունից:


Մարսելի փոխքաղաքապետը խոստովանել է, որ հիացած է հատկապես մայրաքաղաքի կանաչապատման, ծաղկապատման և գիշերային Երևանի արտաքին գեղարվեստական լուսավորության ուղղությամբ տարված աշխատանքներով:


«Շրջելով գիշերային Երևանով, վերհիշեցի Ձեզ հետ Մարսելում ունեցած մեր գիշերային շրջայցը, որի ընթացքում Դուք նշեցիք, որ Երևանում ևս որոշակի աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի շենքերի և շինությունների լուսավորման ուղղությամբ, բայց համեստորեն լռեցիք, չասելով, որ երևանյան լուսավորությունն իրականում գերազանցում է մարսելյան լուսավորությանը»,– ասել է նա:


«Ես իսկապես հիացած եմ ու կարծում եմ, որ այս մասով ևս մենք փորձի փոխանակման ու համագործակցության ընդլայնման մեծ դաշտ ունենք»- նշել է Դիդիե Փարաքյանը և ընդգծել, որ Մարսելում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն:


Միաժամանակ Մարսելի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ արդեն պլանավորվել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի պաշտոնական այցը Երևան, որը տեղի կունենա 2013 թվականին:


Անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է, որ ցանկալի է վերանայել երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը` այն համապատասխանեցնելով երկուստեք առկա ներուժին և զարգացման հեռանկարներին:

 

Այս համատեքստում դեռ Մարսելում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այժմ ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք համակողմանիորեն ուսումնասիրում են համագործակցության բոլոր առաջարկները և, ըստ այդմ, քաղաքապետը հույս է հայտնել, որ Մարսելի իր գործընկերոջ սպասվող պաշտոնական այցի շրջանակում կստորագրվի նաև համագործակցության նոր համաձայնագիրը:


Օգտվելով առիթից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է 2013-ին Մարսելը որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին Երևանի մշակութային պատվիրակության մասնակցությունը, ինչին ի պատասխան Դիդիե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ երևանյան պատվիրակությունը լիարժեք կներգրավվի նախատեսված մշակութային միջոցառումներում:


Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ վերահաստատել է հոկտեմբերին կայանալիք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու Մարսելի քաղաքային իշխանությանն արված իր հրավերը: