Ուկրաինայի հայկական հուշարձանները վերանում են հայերի բացակայության պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հետազոտողներ հուլիսի 11-17-ն այցելել են Ուկրաինա և ուսումնասիրություններ իրականացրել երկրի Վոլինի, Տերնոպոլի, Իվանո- Ֆրանկովսկի, Խմելնիցկի ու Չերնովցիի շրջաններում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձաններում:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, միջազգային գիտական արշավախումբը կազմակերպել է հայտնի հայագետ, «ԱՆԻՎ» ամսագրի համակարգող Արմեն Խեչոյանը (Մինսկ): Արշավախմբին մասնակցել են հայագետ-հետազոտողներ Իրինա Սկվորցովան, Ռուբեն Աթոյանը (Մինսկ), Արմեն Ղազարյանը (Մոսկվա), Սամվել Ազիզյանը (Կիև):
Հետազոտողները մեկ շաբաթվա ընթացքում շրջել են Արևմտյան Ուկրաինայի 5 շրջաններով` անցնելով ավելի քան 2.000 կմ ճանապարհ: Արշավախմբի նպատակը հայկական պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունն է եղել, այդ շրջաններում հայերի ներկայության մասին փաստող նոր վկայությունների հայտնաբերումը:
Աշխատանքների ընթացքում լուսանկարվել են հին հայկական գաղութների եկեղեցական բոլոր շինությունները: Առաջին անգամ հաջողվել է զննել Գորոդենկայում ու Բերեժանիում հայկական կաթոլիկ եկեղեցիների ներքին հարդարանքը: Արշավախմբի մասնակիցները հանդիպում են ունեցել նաև էթնիկ հայերի հետ:
Հետազոտողների համաձայն` մի շարք բնակավայրերում` Բերեժանի, Յազլովեց, Լիսեց, Գորոդենկա, Սնյատին, Չերնովցի, Կամենեց, հայկական եկեղեցիները, գերեզմաններն ու շինությունները պահպանվել են: Միևնույն ժամանակ մի շարք բնակավայրերում` Բուչաչ, Կոլոմիա, Տլումաչ, Տիսմենիցա, Լուցկ, հայկական հետքը գրեթե ամբողջովին կորել է: Դրանց գտնվելու վայրն օգնել են հայտնաբերել տեղի հնագետները:
Ըստ արշավախմբի մասնակիցների` հայկական հուշարձանները վերացել են ոչ թե պատերազմական, այլ խաղաղ ժամանակաշրջանում: Օրինակ` 1960-ականներին տեղի իշխանությունների թողտվությամբ քանդվել է Տիսմենիցայի հայկական վանքը, իսկ 2011թ.-ին այնտեղ վերակառուցվել է հին հայկական գերեզմանատան մատուռը:
Որոշ բնակավայրերում` Իվանո-Ֆրանկովսկում, Կուտայում, Յազլովեցում, հայկական եկեղեցական շինությունները թե’ արտաքին, թե’ ներքին փոփոխությունների են ենթարկվել, որովհետև դրանցից մի քանիսը վերանորոգվել են:
Ծայրահեղ անմխիթար է նաև այս բնակավայրերում գտնվող հայկական գերեզմանոցների վիճակը:
Որոշակի առումով Արևմտյան Ուկրաինայում հայկական գերեզմանների նման վիճակը բացատրվում է հայկական էթնիկ բնակչության բացակայությամբ, որոնք 1946-1947թթ. գաղթել են Լեհաստան: Ներկայում հուշարձանների մասին հոգ են տանում ուկրաինացի էնտուզիաստներն ու Լեհաստանի հայկական համայնքի Fundacja Ormiańska KZKO կազմակերպության կամավորները:
Արշավախումբը նպատակ ունի շարունակական դարձնել այս բնակավայրերում ուսումնասիրությունները:










