ԱՄՆ-ը մարտական պատրաստության է բերել հակաբունկերային ռումբերը
ԱՄՆ օդուժը մարտական կիրառության համար նախապատրաստում է բազմատոննանոց հակաբունկերային ռումբերը MOP (Massive Ordnance Penetrator), ամենայն հավանականությամբ, Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար, հաղորդում է Defense News-ը:
ԱՄՆ ՌՕՈւ պետքարտուղար Մայքլ Դոնլին հայտարարել է, որ նոր հզորացված ռումբերի փորձարկումները դեռ շարունակվում են, սակայն զինվորականները պատրաստ են դրանք կիրառել ցանկացած պահի, եթե նման անհրաժեշտություն առաջանա, քանի որ ներկա տարբերակի ռումբերը լիովին պատրաստ են մարտական գործածության:
Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ ամերիկյան օդուժը սկսել է բազմատոննանոց հակաբունկերային MOP ռումբերի խոցող հնարավորությունների ավելացման աշխատանքները: Նման անհրաժեշտություն էր առաջացել, երբ փորձագետները հաստատել էին, որ առկա ամենահզոր ռումբերի խոցող հնարավորությունը չի բավականացնի Իրանի ստորգետնյա օբյեկտները խոցելու համար:
GBU-57 նշագրմամբ 13,6 տոնա կշռող MOP ռումբերը նախագծվում էին հատուկ Իրանի և Հյուսիսային Կորեայի սոտգետնյա ամրացված օբյեկտները խոցելու համար:
ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Ջորջ Լիթլը 2012թ.-ին հուլիսի 25-ին հայտարարել է, որ «Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմը կարող է զանգվածային ոչնչացման քիմիական զենքի տարածման պատճառ դառնալ»:
Իր հերթին Մայքլ Դոնլին հայտարարել է, որ պետք է չեզոքացնել այդ զենքը:
«Սիրիական ռեժիմը այդ զենքի պաշտպանության հարցում օգնության կարիք ունի: Եվ ես բաց կասեմ, որ անթույլատրելի է, նման պաշտպանություն չտրամադրելը»,- ասել է Դոնլին:
Ինչպես նշում է Defense News-ը, խոսքը կարող է վերաբերվել քիմիական զենքի պահեստների ոչնչացմանը բազմատոննանոց հակաբունկերային ռումբերի միջոցով:









