Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 զոհ, 1 հոգի էլ ծայրահեղ ծանր վիճակում են (թարմացված, լուսանկարներ)

19:32 • 26.07.12

 

19.55

Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոցում մահացան վթարի ենթարկվածներից ևս երկու հոգի՝ Արեն Կյուրղինյանը և Մայիս Ղանաղյանը: Մյուս վիրավորը Տիգրան Կուրղինյանն է:
Մանրամասները՝ ստորև.

 


Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ԼՍ 427 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ճանապարհին՝ Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:


Վթարի հետևանքով 2 տղամարդ մահացել են, իսկ 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածներն են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Ղարագյոզյանը և Ավետիք Կուրղինյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է:

Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի 40 տան բնակիչ Սպարտակ Սաֆարյանի անվամբ:


Պատահարից կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի փրկարարները: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանները, քաղաքացիները և փրկարարները: 


Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզային վարչության օպեր-գծով տեղակալ Արամ Ղազարյանի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Հակոբյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով պատահարի բնույթը՝ տեղում է նաև Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:


Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:

Վթարի մասին տեղեկացվել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը, ով արդեն ժամանում է վթարի վայր:
 

Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների ինքնությունը:


Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչև վթարը տեղի է ունեցել պայթյուն, սակայն դրա վերջնական պատասխանը կտա քննչական մարմինը:

 

 Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ) հատկանիշներով

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի