Եվրասիական միությունը Հայաստանի համար ապագա չէ, այն անցյալ է. Ալեքսանդր Արզումանյան

16:45 • 27.07.12

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը դեմ է Ռուսաստանի կողմից առաջարկվող Եվրասիական միությանը, նշելով, որ Հայաստանը 70 տարի շարունակ տեսել է Խորհրդային անազատությունը, այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան» ասուլիսի ժամանակ ասաց Ալեքսանդր Արզումանյանը:


«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման բան չլինի և, եթե Եվրասիական միության մասին հարցը հասնի Ազգային ժողով մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է, որ դա իրականություն չդառնա»,- նշեց նա։


ՀՀ նախկին արտգործնախարարը, պատասխանելով «ֆեյսբուքյան» օգտատերերի հարցին, անդրադարձավ նաև ՀԱԿ ակտիվիստների՝ վերջերս դատարանի կողմից կայացրած վճռին, որով ՀԱԿ 4 ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանը Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարվա ազատազրկման:


«Դա քաղաքական որոշում է, քաղաքական դատավճիռ, և դրա դեմ պետք է պայքարել: Այնտեղ ոչ մի իրավական որոշում չի եղել, և մենք այդ ամենը դիտում ենք որպես քաղաքական դատավճիռ»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը, հավելելով, որ իրենք ու իրենց կուսակցությունն էլ է պայքարում հանուն տղաների ազատության:


ՀԱԿ ակտիվիստը, անդրադառնալով Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադառնալու հնարավորությանը, ասաց. «Վարդուհի Սիմոնյանը կազմակերպել է ստորագրահավաք, որին ես մասնակցել եմ թե՛ որպես ՀՀ քաղաքացի, թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես Վանո Սիրադեղյանի ընկեր: Ես ցանկանում եմ, որ Վանոն օր առաջ վերադառնա Հայաստան»: