Հայկ Բաբուխանյանը Արցախի հիմնախնդրի մասին հարց է ուղղել Ուկրաինայի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Ուկրաինա կատարած այցելության ընթացքում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և, նախօրոք հարց է ուղղել, թե հաջորդ տարի Ուկրաինան ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, երբ ստանձնի ԵԱՀԿ նախագահությունը:
«Ես, մասնավորապես, հարցս ձևակերպել եմ այսպե. կլինի, արդյո՞ք, միջազգային այն չափորոշիչը, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման մասին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր հարցին ի պատասխան Յանուկովիչը շեշտել է, որ ամեն ինչ լինելու է միջազգային իրավունքի հիման վրա:
«Վերջինս ասաց, որ չկա այլ ելք, քան խաղաղ լուծումն է այս հարցին: Յանուկովիչն ասաց, որ Ուկրաինայի ԵԱՀԿ ղեկավարության ժամանակաշրջանում զգալի տեղաշարժ կլինի կամ կլուծվի արցախյան հիմնահարցը:
Հայկ Բաբուխանյանը նշեց, որ Վիկտոր Յանուկովիչը շեշտել է, որ Ուկրաինան նայում է դեպի Եվրոպա, և իրենք իրականացնում են միմիայն եվրոպական քաղաքականություն, չնայած Եվրոպան մի փոքր ավելի զգուշավոր է Ուկրաինայի հանդեպ` որպես նախկին խորհրդային հանրապետություն:
Հայկ Բաբուխանյանը Ուկրաինայում մասնակցել է մի շարք միջոցառումների, որոնցից մեկի ժամանակ էլ վերջինս տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի ուղերձը:









