Խարդախությամբ հափշտակել է «Լանդ Կրաուզեր Պրադո» ավտոմեքենան
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1991 թ. ծնված, նախկինում դատված Նշան Ա.-ն 1975 թ. ծնված Արթուր Մ.-ին պատկանող «Լանդ Կրաուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենան գնելու, բանկում գրավադնելու և գումարը հետագայում վճարելու պատրվակով՝ 2012 թ. մայիսի 15-ին վերջինիս հետ կնքել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր:
Ըստ Ոստիկանության կայքի՝ Նշան Ա.-ն, Արթուր Մ.-ին վճարելով 3.166.800 դրամին համարժեք 8.000 ԱՄՆ դոլար, նրանից ստացել է նշված ավտոմեքենան և խարդախությամբ այն հափշտակել` Արթուր Մ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող 6.189.300 դրամի գույքային վնաս:
Նշան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:









