Ծիծաղելի դրության մեջ մի՛ դրեք եզդի համայնքին. Բորիս Թամոյանը՝ Ազիզ Թամոյանին
«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որում աբսուրդ է որակում «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի հայտարարությունը, նկատելով, թե այն «միայն ծիծաղելի դրության մեջ է դնում եզդի համայնքին»:
Հիշեցնենք, որ «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը Medialab.am-ին հայտնել էր, թե խիստ դեմ է օրենքի այն նախագծին, համաձայն որի` աղջիկների ամուսնական տարիքը սահմանվում է 18 տարին` ներկայումս գործող 17-ի փոխարեն: Նա ասել էր. «Եզդիների համար 18 տարեկան աղջիկն արդեն «պառավ» է և ուզող չունի»:
Ի պատասխան Ազիզ Թամոյանի, «Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ-ի ղեկավար Բորիս Թամոյանը հայտարարում է. «Ի՞նչ է նշանակում՝ 18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար: Այս արտահայտությունը միանշանակ տեղին չէ և չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք Ազիզ Թամոյանին այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից, ո՞վ է տվել նրան այդ իրավունքը»:
Բորիս Թամոյանը նկատում է, թե որքան էլ եզդի համայնքը լինի ավանդապաշտ, սակայն, իրենց ավանդույթներն էլ չեն անցնում մարդկային սահմանը. «Եվ ոչ ոք՝ այդ թվում իրեն եզդիների նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը, իրավունք չունի եզդի ազգի անունից անիմաստ հայտարարություններ անել: Հավատացնում ենք, որ նոր օրենքի ընդունումը չի նպաստի եզդիների արտագաղթին, քանի որ նման խնդիր եզդի համայնքի գոնե մեծամասնության մոտ չկա»:









