Մոսկվայում 2 աղջիկների սպանության մեջ մեղադրվող Գրիգորյանը փորձել է տեղեկությունների համար մեծ գումար ստանալ (ֆոտո, վիդեո)
Մերձմոսկովյան Իստրայում ձերբակալված է բռնաբարության և երկու աղջիկների սպանության մեջ մեղադրվող երկրորդ կասկածյալը: Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին, երբ 2 ընկերներ որոշել են Խիմկի քաղաք հասցնել էլեկրտագնացքից ուշացած 2 աղջիկների: Սակայն, դրա փոխարեն չարագործները աղջիկներին տարել են անտառ, բռնաբարել ու խեղդամահ արել: Կասկածյալները իրենց մեղքը չեն ընդունում, սակայն քննությունը պնդում է, որ իրենց ձեռքում են հայտնվել սպանություն իրականացնողները, հաղորդում է vesti.ru-ն:
Քննչական խումբը նշում է, որ կատարվածի մասին հստակ պատկերացում ունի: Ըստ քննիչների՝ հայտնի են հանցագործների անունները և նրանք էլ ձերբակալված են: Նախօրեին իրավապահները ձերբակալել էին ծնունդով Մոլդովայից 24-ամյա Վլադիմիր Գրիգորյանին, ով իր մեղքը չի ընդունում, սակայն քննությունը Գրիգորյանի դեմ էական փաստեր ունի:
Իսկ այսօր ձերբակալվել է և հարցաքննվել գործի ևս մեկ կասկածյալ, 28-ամյա գործարար Էդուարդ Ռանետան: Նա նույնպես պնդում է, որ աղջիկների սպանության հետ առնչություն չունի: Գրիգորյանի հետ նրանք վաղեմի ընկերներ են:
Հուլիսի 12-ին ուշ երեկոյան Մարգարիտա Յուկուսը և Օլգա Կրյաժևան ուշացել են վերջին էլեկտրագնացքից: Որոշել են մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ամառանոցից մինչև Խիմկի քաղաք հասնել պատահական ավտոմեքենաներով և այդ մասին հեռախոսով տեղեկացրել են բարեկամներին:
Աղջիկները արծաթագույն մեքենա են կանգնեցրել: Սակայն տուն հասցնելու և օգնության փոխարեն, մեքենայով աղջիկներին տարել են անտառ: Թեքվել են դեպի լքված ճամբար, ասելով, թե շրջանցում են ճանապարհի խցանումը, հարձակվել են աղջիկների վրա, բռնաբարել նրանց և ապա սպանել նրանց:
Արվեստի քոլեջ ավարտած աղջիկները գեղեցկադեմ և բարձրահասակ էին: Հնարավոր է, որ հենց այդ գեղեցկությունն է հանցագործների մղիչ ուժը եղել:
Աղջիկների մարմինները հայտնաբերվել են հուլիսի 14-ին: Մարդասպանները իրենց այնքան լկտի են պահել, որ անհասկանալի է, թե ինչու իրենց ավելի վաղ չեն ձերբակալել:
Վլադիմիր Գրիգորյանը զանգահարել է մոսկովյան թերթերի և հեռուստակայանների խմբագրություններ և առաջարկել 1 մլն ռուբլու դիմաց արժեքավոր տեղեկություններ հաղորդել կորած աղջիկների մասին, սակայն նրան մերժել են՝ կարծելով, թե հոգեկան հիվանդ է:
Անմիջապես այն բանից հետո, երբ աղջիկների մարմինները հայտնաբերվել է, քննչական օպերատիվ շտաբ է ստեղծվել, որում ընդգրկվել են ամենափորձառու քննիչները: Սակայն առաջին տեղեկությունները հայտնվել են միայն երկու օր առաջ: Գտնվել է մի ականատես, ով նկատել է, որ հուլիսի 12-ի երեկոյան աղջիկները արծաթագույն մեքենա են նստել, ոչ հեռու այն վայրից, որտեղ հետագայում հայտնաբերվել են նրանց մարմինները:
Վլադիմիր Գրիգորյանը դատարանի դահլիճում կալանավորվել է: Նա այժմ ամբողջ մեղքը գցում է հանցակիցների վրա, որոնք նրա խոսքով արդեն հինգն են եղել:
Այն որ Գրիգորյանը, ազգությամբ հայ է, կարելի է միայն ենթադրել: Այնուամենայնիվ նրա ազգության մասին ռուսական լրատվամիջոցները չեն նշում:









