Իրանը պահեստավորվում է առաջին անհրաժեշտության մթերքներով

13:13 • 27.07.12

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ հրամանագրով` Իրանը սկսել է առաջին անհրաժեշտության մթերքների պահեստավորման գործընթացը` պատրաստվելով հնարավոր արտակարգ իրավիճակի: Այս մասին, իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարել է Իրանի հանքահումքային արդյունաբերության փոխնախարար Հասան Ռադմարդը:


Նա ընդգծել է, որ գործընթացն արդեն սկսվել է, և Իրանը ծրագրում է պահեստավորել ամենաանհրաժեշտ մթերքները, ներառյալ` ցորեն, շաքար, միս, բրինձ և այլն: Որոշ մթերքներ ներկրվում են արտերկրից` ծովային ճանապարհով: Իրանի այս քայլը «դիմագրավման տնտեսություն» քաղաքականության միջոցառումներից է:

 

Իրանական խորհրդարանում չորեքշաբթի անցկացվել է «դիմագրավման տնտեսություն» քաղաքականությանը նվիրված հատուկ խորհրդակցություն`  Նախագահի աշխատակազմի ու դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հինգ ժամ տևած քննարկումների ընթացքում դիտարկվել է աղքատության ու սննդամթերքի գների աճի դեմ պայքարի հարցը, գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում տիրող իրավիճակը:

«Դիմագրավման տնտեսություն» տերմինն Իրանի համար նորություն չէ, այս թեմայով առաջին հանդիպումն անցկացվել է դեռևս մայիսի 17-ին: