Կալիֆորնիա այցի ընթացքում Օբամայի թիկնապահների ռադիոկապը խափանվել է

10:49 • 27.07.12

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Կալիֆորնիա նահանգ այցի ժամանակ. միաժամանակ դադարել են աշխատել Օքլենդ քաղաքի շուրջ հարյուր ոստիկանների ռադիոկապերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օքլենդի ոստիկանության սպաների ասոցիացիայի նախագահ Բարի Դոնելանը պատմել է, որ աշխատակիցները 30 րոպե չեն կարողացել կապնվել դիսպետչերական կետի, իսկ երբեմն էլ` մեկը մյուսի հետ:


Դա տեղի է ունեցել բավական պատասխանատու պահի` նախագահն իր նախընտրական քարոզարշավի համար քաղաքային թատրոնում գումարի հավաքագրման ակցիա է անցկացրել, իսկ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ ընդդիմադիրներ: Կապը չի աշխատել հենց այն պահին, երբ Օբաման լքել է թատրոնը, իսկ ակտիվիստները սկսել են շրջափակել փողոցները: Կատարվածի «մեղավորը» նախորդ տարի շահագործված ռադիոկապերն են եղել, որոնք քաղաքի հարկատուներին արժեցել են 18 մլն դոլար:

«Դրանք չեն աշխատում, մեր սպաները բացարձակ չեն վստահում այդ համակարգին: Դրանք ոստիկաններին ու քաղաքացիներին դնում են վտանգավոր դրության մեջ իրենց անհուսալիության պատճառով»,- ասել է Դոնելանը:

 

Քաղաքի իրավապահ մարմինների ղեկավարությունը կոչ է արել իրավիճակը չողբերգականացնել: