007 գործակալը, Լորդ Վոլդեմորտն ու 3 կովերը. ի՞նչ է սպասվում Օլիմպիական խաղերի բացմանը
Երևանի ժամանակով կեսգիշերին կսկսվի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Սովետսկի սպորտ»-ը, անդրադառնալով մոտ 4 ժամ տևողությամբ մեծ շոուին, որոշել է բացել որոշ գաղտնիքներ:
Լոնդոնին բաժին է հասել բավական բարդ աշխատանք, քանի որ, ըստ մասնագետների, դժվար է գերազանցել 2008թ.-ին անցկացված պեկինյան խաղերը, որոնք ճանաչվել են լավագույնն Օլիմպիադայի ողջ պատմության ընթացքում: Սակայն չինացիների հետ համեմատվելու մտադրություն շոուի ռեժիսոր Դենի Բոյլը չունի:
«Եթե մարդիկ ասեն, որ այս արարողությունը նրանց մոտ տպավորվել է ոչ պակաս, քան Սիդնեյ-2000-ը, ես արդեն իսկ երջանիկ կլինեմ»,- այսպես է խնդրել գնահատել իր աշխատանքն օսկարակիր ռեժիսորը:
Բացման արարողությունը բրիտանացիներին կարժենա 27 մլն ֆունտ, ինչը մոտավորապես նույնքան է, որքան Պեկին-2008-ը, և կրկնակի ավելի, քան Աթենք- 2004-ը:
«Սթրեթֆորդ» ստադիոնում տեղի ունենալիք արարողությանը ներկա կլինի 80.000 մարդ: Այն կսկսվի 27-տոննանոց զանգի ղողանջներով, որը պատրաստվել է XVI-րդ դարում հիմնադրված ու Գինեսի Ռեկորդների գրքում ընդգրկված հանրահայտ «Ուայթքեյփլ» ֆաբրիկայում:
Հայտնի է, որ շոուն կազմված է 4 մասից, որոնք նվիրված են Միացյալ Թագավորության պատմությունը: Առաջին մասը նվիրված է գյուղատնտեսությանը, 2-րդը` արդյունաբերությանը, 3-րդը, ըստ լուրերի, նավատորմին, իսկ 4-րդը` ժամանակակից Բրիտանիային, թե ինչպես է ստացվել այդ բոլորի միաձուլումը, պարզ կդառնա բացման արարողությանը:
Հայտնի է, որ շոուի ժամանակ հերթական առաջադրանքը կստանա 007 գործակալը, իհարկե, Դենիել Քրեյգի դերակատարմամբ, իսկ Հարի Փոթերի գլխավոր թշնամի Լորդ Վոլդեմորթն էլ իր կույր օգնականների օգնությամբ կպայքարի Մերի Փոփինսի ու նրա բարության բանակի դեմ:
Դերասաններից ու կամավորներից բացի, ներկայացմանը կմասնակցի մի ողջ գազանանոց` 70 ոչխար, 12 ձի, 3 կով, 10-ական հավ ու բադ, 9 սագ, 3 շուն:
Շքերթին կմասնակցի 205 երկիր, այդ թվում` Հայաստանը ներկայացնող 10.500 մարզիկ: Իսկ շոուն կեզրափակի լեգենդար Beatles խմբի անդամ Փոլ Մաքքարթնին` Hey, Jude երգով:
Իսկ ո՞վ է հայտարարելու Խաղերը բացված, իհարկե, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Նա արդեն մեկ անգամ խաղերի բացումն ազդարարել է 1976թ.-ին, Մոնրեալում:
Իսկ թե ով է վառելու Օլիմպիական խաղերի կրակը: Հավակնորդների թվում ակտիվորեն շրջանառվում էր Դևիդ Բեքհեմի անունը, սակայն վերջինս հաստատել է, որ «այն պետք է վառի օլիմպիական չեմպիոն»: Daily Mail-ն էլ գրում է, որ կրակը կվառի Լոնդոնի արևելքում ծնված մի տղա, որը պետք է խորհրդանշի թաղամասի վերափոխումը, որը երբեմնի ամենաաղքատ թաղամասից վերափոխվելով այսօր արդեն անցկացնում է Օլիմպիական խաղեր:
Ինչ վերաբերում է հրավառությանը, ապա այն կլինի Պեկինի համեմատ ավելի համեստ:









