Այսօր Լոնդոնում կմեկնարկեն Օլիմպիական խաղերը. Հայաստանից մասնակցում է 25 մարզիկ (լուսանկարներ)
Յոթ տարի նախապատրաստական աշխատանքներից հետո, այսօր Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկում են 30-րդ Օլիմպիական խաղերը:
Խաղերը հյուրընկալելու իրավունք Միացյալ Թագավորության մայրաքաղաքը ձեռք է բերել 2005թ.-ին Սինգապուրում` առաջ անցնելով այնպիսի մրցակիցներից, ինչպիսին են` Մոսկվան, Նյու Յորքը, Մադրիդն ու Փարիզը:
Մինչև օգոսոտոսի 12-ը տևող մրցումներին կմասնակցի 205 երկիր ներկայացնող 10.500 մարզիկ: Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ: Կխաղարկվի մեդալների 30 հավաքածու: Մարզական մրցումները կլուսաբանի ավելի քան 28.000 լրագրող, իսկ խաղերին մեծ էկրանների օգնությամբ կհետևեն միլիարդավոր հեռուստադիտողներ:
Խաղերի կազմկոմիտեի հավաստիացմամբ` «Օլիմպիադա-2012»-ը ետևում կթողնի նախորդ` պեկինյան մրցումները, որոնք մասնագետների կողմից ճանաչվել էին ողջ օլիմպիադայի պատմության մեջ լավագույնը:
«Մենք կներկայացնենք Լոնդոնի բացառիկությունը` որպես աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը: Մենք դա ցանկանում ենք ցուցադրել ողջ աշխարհին»,- ասել է Մեծ Բրիտանիայի մշակույթի, սպորտի ու զանգվածային լրատվամիջոցների նախարար Ջերեմի Հանտը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ևս կարծիք է հայտնել, որ լոնդոնյան օլիմպիադան կդառնա «ամենահզորը», որը չեն կարող մթագնել ոչ եղանակային քմահաճույքները, ոչ էլ կազմակերպչական մանր-մունր թերությունները:
Լոնդոնն օլիմպիական խաղերն ընդունում է արդեն երրորդ անգամ, առաջին անգամ` 1908 թվականին, երկրորդ անգամ` 1948-ին:
Այսօր երեկոյան կներկայացվի «Հրաշքների կղզի» շոուն: Ավելի քան 42 մլն դոլար արժողությամբ շոուն կուղեկցվի արհեստական անձրևով, Գլաստոնբերյան հայտնի երաժշտական փառատոնի նկարներով (Մեծ Բրիտանիայի ամենամեծ երաժշտական իրադարձությունը), կրիկետ խաղով և այլն, իսկ շոուն կեզրափակի լեգենդար Beatles խմբի անդամ Փոլ Մաքքարթնին, ով կկատարի սիրված Hey Jude երգը:









