Կարմիր խաչը դուրս է բերում Սիրիայից իր աշխատակիցներին

16:40 • 27.07.12

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Սիրիայից իր օտարերկրյա անձնակազմը տարհանում է Բեյրութ: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, կազմակերպության մամուլի քարտուղար Հիշամ Հասանն այսօր հայտնել է, որ դա պայմանավորված է Սիրիայում տիրող իրավիճակով:

«ԿԽՄԿ-ն ստիպված է ժամանակավորապես տարհանել իր աշխատակիցների մի մասին Սիրիայի սահմաններից դուրս` երկրի որոշ շրջաններում իրավիճակի սրման ու անկայունության պատճառով»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Հասանը` հավելելով, որ կազմակերպության օտարերկրացի ու սիրիացի աշխատակիցների մի մասն էլ կշարունակի աշխատել մայրաքաղաք Դամասկոսում:

 

Ի դեպ, Սիրիան ժամանակավորապես լքել է նաև 300 հոգանոց միջազգային դիտորդական խմբի գրեթե կեսը: Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էր BBC-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Էրվե Լադսուսին, նրանք կվերադառնան անհրաժեշտության դեպքում:

«Մենք հայտնվել էինք մի իրավիճակում, երբ շատ մարդ կա ու քիչ աշխատանք: Հենց այս պատճառով մենք ժամանակավորապես տուն ենք ուղարկել դիտորդների գրեթե կեսին»,- ասել է Լադսուսը:

Դիտորդական խումբը Սիրիա էր ուղարկվել այս տարվա մարտին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: Նախորդ շաբաթ ԱԽ-ը երկարաձգել է նրանց ներկայությունը ևս 30 օրով: