Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները»` New York Times-ի ամենաշատ վաճառված գրքերի ցուցակում

11:14 • 27.07.12

Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» (The Washington Post) և «ԱՄՆ այսօր» (USA Today) ամերիկյան պարբերականները շարունակում են գրել երկրում ճանաչման արժանացած հայազգի վիպասան Քրիս Բոհջալյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավազե ամրոցի աղջիկները» նոր հատորի մասին:


Armenian Weekly պարբերական տեղեկացնում է, որ «Ավազե ամրոցի աղջիկները» հատորը ամենաշատ վաճառված գրքերի ցուցակում է՝ գրավելով է 7-րդ տեղը: Ի դեպ, այդ ցուցակն այսօր՝ հուլիսի 27-ին, կտեղադրվի «Նյու Յորք Թայմս» թերթի կայքում:


«Վաշինգտոն Փոստ» -ը, մասնավորապես, նշում է, որ այսօր միջազգային հարաբերություններում մեծ նշանակություն և ազդեցություն է ձեռք բերել Հայոց ցեղասպանությունը և ուշադրության կենտրոնում է թուրքական կողմի ժխտողական քաղականությունը, ապա շեշտում այս թեմայով լույս տեսնող նոր գրքերի նշանակությունն ու դերը՝ մատնանշելով «Ավազե ամրոցի աղջիկները»-ը վեպը:

 

Թերթը գրում է. «Բոհջալյանի այս նոր հատորն աշխատություն է` հիմնված նրա ընտանքի պատմության վրա: Սա արժեքավոր և հզոր ապացույց է, որը մատնացույց է անում անժխտելին»:

 

Քրիս Բոհջալյանը հեղինակել է 15 վեպ. նրա չորս հատորները ևս «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցուցակում են եղել՝ գրավելով առաջին, երրորդ, հինգերորդ և 15-րդ տեղերը:

 

«Ավազե ամրոցի աղջիկները» հատորի շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիս 17-ին՝ Լոս Անջելոսում՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:

 

Տեղեկացնենք, որ շարունակվում են Քրիս Բոհջալյանի հատորի շնորհանդեսները, մոտ 20 քաղաքում: Ամերիկյան մի շարք պարբերականների կողմից հատորն արժանացել է բարձր գնահատականի:


Նախատեսվում է, որ օգոստոսի 1-ին «Ավազե ամրոցի աղջիկները» հատորը կներկայացվի ԱՄՆ կոնգրեսում, ուր և տեղի կունենա հանդիպում կոնգրեսականների հետ: Այս նախաձեռնությանն աջակցում են Հայոց ցեղասպանության բանաձևի ջատագովներ Ադամ Շիֆը և Ռոբերտ Դոլդը:

 

Հաջորդ օրեին հատորը կներկայացվի Նյու Յորքում և Նյու Ջերզիում: Հավելյալ տեղեկությունների համար կարելի է այցելել Քրիս Բոհջալյանի կայք: