Հյուսիսային Իռլանդիայի ահաբեկիչները հայտարարել են միավորման մասին
Հյուսիսիռլանդացի ահաբեկիչները բրիտանական The Guardian թերթին հայտնել են միավորման ու Իռլանդական հանրապետական բանակի (ԻՀԲ) անվանումը կրկին վերցնելու մտադրության մասին: Միավորմանը կմասնակցեն տարածաշրջանի 4 խոշորագույն ահաբեկչական խմբավորումներից 3-ը:
«Իրական ԻՀԲ»-ին (Real IRA) կմիանան «Թմրանյութերի դեմ հանրապետական ակցիա»-ն (Republican Action Against Drug) ու անկախ հանրապետական զինված խմբերի կոալիցիան: Անկախ կմնա միայն «Շարունակական ԻՀԲ»-ը (Continuity IRA):
Սա կլինի 1998թ.-ից ի վեր Հյուսիսային Իռլանդիայի հիմնական ահաբեկչական ուժերի առաջին միավորումը: Միավորված ԻՀԲ-ում, ըստ The Guardian-ի, կընդգրկվեն հարյուրավոր զինված այլախոհներ, այդ թվում` Դերի քաղաքի գոյությունը դադարեցրած «Ժամանակավոր ԻՀԲ»-ը (Provisional IRA): Այս խմբավորման նախկին անդամները ներկայում ընդգրկված են «Թմրանյութերի դեմ հանրապետական ակցիայի» մեջ:
Ինչպես գրում է բրիտանական թերթը, նոր ԻՀԲ-ն ահաբեկչական գործողություններ կիրականացնի իրավապահների ու բոլոր այն անձանց դեպ, որոնց կհամարի Հյուսիսային Իռլանդիայում «բրիտանական ներկայության մասնիկ»:
Իռլանդական հանրապետական բանակը մինչև 1969թ. պայքարել է «բրիտանական իմպերիալիզմի դեմ», իսկ այդ տարում կազմաքանդվել «Պաշտոնական ԻՀԲ»-ի և «Ժամանակավոր ԻՀԲ»-ի, երբ դրա անդամները նախընտրեցին Միացյալ Թագավորությունից անկախանալու համար պայքարել խաղաղ ճանապարհով: «Ժամանակավոր ԻՀԲ»-ը, իր հերթին, վերջնականապես դադարեցրեց գոյությունը 2011-ի ապրիլին:









