ԱՄՆ-ը ՄԱԿ-ից դուրս կփորձի կարգավորել սիրիական խնդիրը. Պետդեպ
ԱՄՆ-ը մտադիր է կրկնապատկել սիրիական խնդրի կարգավորման ջանքերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հուլիսի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«ՄԱԿ-ի համակարգում աշխատելու անհնարինության պատճառով, մեզ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը այն երկրների հետ, որոնք ԱՄՆ-ի հետ միասին նույն դիրքորոշումն ունեն` ՄԱԿ-ից դուրս:
Մենք զբաղվում ենք այդ հարցով, փորձելով գործել մեր պատժամիջոցների կոմիտեի միջոցով և ճնշելով սիրիական վարչակարգը:
ԵՄ-ը վերջին երկու շաբաթների ընթացքում նոր պատժամիջոցներ է սահմանել, մենք անում ենք ամեն հնարավորը մարդասիրական ոլորտում: Սակայն այժմ ամենակարևորը ընդդիմության հետ աշխատելն է դեմոկրատական փոփոխությունների իրականացմանը աջակցող նախագծերի և սկզբունքների մասով»,- ասել է Նուլանդը:
Նա բացատրել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում աշխատելն անհնար է դարձել Սիրիայի բանաձևի վրա Ռուսաստանի և Չինաստանի 3-րդ վետոյից հետո:
«Քոֆի Անանի նախագիծը ուժի մեջ է մնում, սակայն, հաշվի առնելով Ասադի պահվածքը, մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ պետությունները, որոնք շարունակում են նրան պաշտպանել, եթե չցանկանան նրա դեմ պատժամիջոցներ մտցնել, ապա այդ նախագիծը շատ դժվար կլինի իրականացնել ԱԽ-ի միջոցով», - համոզված է Նուլանդը:









