Թուրքիայի քաղաքացին բեռնատարով շրջվել է Երևան-Գյումրի ճանապարհին (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 8-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության Ռիզե քաղաքի բնակիչ 45-ամյա Ռեջեփ Ալի Կարամանը, վարելով DMC մակնիշի 08 K 5662 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ հատվածում, Լանջիկ գյուղի ճանապարհին, Գյումրիից դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, չնայած նրան, որ տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք: Նշված բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվում էր մետաղապլաստի պրոֆիլներ: Այն տեղափոխվում էր «Գյուրշինլար» ՍՊԸ-ի կողմից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻն հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ: Տեղում իրականացվել է տարածքի լվացման և մաքրման աշխատանքներ:
Դեպքի վայր էր ժամանել Ճանապարհային ոստիկանության Գյումրու սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Կողաշրջման հետևանքով ճանապարհը կիսով չափ փակվել է, սակայն վթարի վայրում ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցները թույլ չեն տալիս, որպեսզի հետաքրքասերները կայանեն նշված վայրում:
Նշված ավտոմեքենան պետք է նշված վայրում մնա այնքան ժամանակ, մինչև մաքսակետից համապատասխան ծառայության աշխատակիցները ժամանեն վթարի վայր, զննեն ապրանքը, որից հետո հատուկ տեխնիկայի միջոցով մեքենան պետք է դուրս բերվի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









