Եզդիներին վրդովեցրել է աղջկա ամուսնական տարիքը հետաձգելու օրենքի նախագիծը
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնություններից ամենից մեծ համայնքը հանդիսացող եզդիներին վրդովվեցրել է ՀՀ կառավարության՝ «ՀՀ ընտանեկան օրենսդրությունում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի որոշումը, ըստ որի՝ աղջկա ամուսնական տարիքը նախկին 17-ի փոխարեն սահմանվում է 18–ը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ նման որոշումը կնպաստի եզդիների արտագաղթին:
«Մեր աղջիկների ամուսնությունը, սովորաբար, եղել է 13, 14, 15, 16 տարեկանում: Այս որոշումն, իհարկե, սխալ է, իսկ 16-ի հետ համայնքը համաձայն է: Մենք պահպանում ենք մեր ավանդույթները»,– ասաց նա:
«Երբ աղջիկը դառնում է 18 տարեկան, մենք նրան ասում ենք՝ «պիրասա» է դարձել, այսինքն՝ պառաված է և արդեն հարցնում են, թե ի՞նչն է պատճառը, որ վաղ տարիքում չի ամուսնացել, ուրեմն՝ մի խնդիր ունի»,- ասաց Ազիզ Թամոյանն ու հիշեցրեց, որ Խորհրդային տարիներին էլ ամուսնության տարիքը 18-ն էր սահմանված, բայց դա եզդի համայնքի վրա չէր տարածվում։
Հիշեցնենք, որ այսօր «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ չի կիսում Ազիզ Թամոյանի տեսակետը։
«Ի՞նչ է նշանակում՝ 18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար: Այս արտահայտությունը միանշանակ տեղին չէ և չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք Ազիզ Թամոյանին այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից, ո՞վ է տվել նրան այդ իրավունքը»,– նշել էր նա:
Ազիզ Թամոյան նշեց, որ Կառավարության որոշմանը հետ եզդիները չեն համակերպվի և կդիմեն Կառավարությանը՝ վերանայելու այն։
«Մեկ տարին 12 ամսիս է անում, դա քիչ ժամանակ չէ, մի օրն էլ քիչ չէ: Եզդի ժողովուրդն իր սովորույթն ունի, Հայաստանի բոլոր օրենքներն ընդունում ենք, բայց սա չենք ընդունի և կպահանջենք, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե եզդիների համար փոփոխություն կատարել: Հակառակ դեպքում, ակցիաներ կանցկացնենք»,- ասաց նա:
Ազիզ Թամոյանը համոզված է, որ նման որոշումները Եվրոպան է պարտադրում՝ առանց ժողովրդի համաձայնությունը հաշվի առնելու։
«Եվրոպան միայն խոսում է Մարդու իրավունքների մասին: Ես իմ երեք աղջիկներին էլ 15, 16 տարեկանում եմ ամուսնացրել, նրանց ի՞նչ գործն է: Ինչո՞վ է նույն Եվրոպան ազգային փոքրամասնությանը օգնել, միայն թղթի վրա գրում են, թե օժանդակելու ենք դպրոցներ բացվելուն, հեռուստատեսություն կտանք և այլն, բայց ոչնչով չեն օգնում»,- բողոքեց նա։
Ազիզ Թամոյանը նշեց, որ պնդումը, թե տղան ու աղջիկը հավասար են և նույն տարիքում էլ պետք է ամուսնանան՝ ճիշտ չէ: Ըստ նրա՝ աղջիկը շուտ է հասունանում.«Գնացեք մեր համայնքում ցանկացած մեկին հարցրեք՝ մեծամասնությունը դեմ է նման որոշմանը»:
«Աշխարհի եզդիների միության» նախագահը ենթադրում է՝ գուցե դա բժիշկների պնդո՞ւմն է, ինչը նա նույնպես անհեթեթություն է համարում՝ վկայակոչելով իրենց դարերի փորձն ու համայնքի աճը:
Ըստ Ազիզ Թամոյանի, նման որոշումը ոչ միայն եզդիներին, այլ նաև հայերին հարկավոր չէ, քանի որ չի նպաստում ազգի աճին: «Մենք ոչ Հնդկաստան ենք, ոչ Չինաստան, որ թվաքանակը կրճատենք»,– բացատրեց նա:
Ըստ Թամոյանի, ամուսնության կատարյալ տարիքը՝ տղաների համար 17-ն է, իսկ աղջիկների համար՝ 16-ը:
Հայաստանում 60 000–անոց եզդի համայնքի առաջնորդը նկատում է, որ իրենց համար 16-ից ամուսնանալը դոգմա չէ։
«Մարդկանց իրավունքն է. նա, ով համալսարան է ընդունվել, թող 25-ում ամուսնանա, բայց նրանց ովքեր ավելի վաղ են ուզում ամուսնանալ, և որոնք մեծամասնություն են, նրանց համար թող այս օրենքը խոչընդոտ չհանդիսանա»,- եզրափակեց Ազիզ Թամոյանը:









