Ռուսաստանը միջազգային դատարանում կրկին պարտվել է ՅՈՒԿՕՍ-ի գործով
Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային դատարանը ՌԴ կառավարությանը պարտավորեցրել է իսպանական ներդրողների խմբին հատուցել այն կորուստները, որը նրանք կրել են ՅՈՒԿՕՍ-ի պետականացման հետևանքով:
Դատարանի որոշման մասին հաղորդում է BBC-ն, հղում կատարելով միջազգային իրավաբանական Covington & Burling LLP ընկերությանը, որը դատարանում ներկայացրել է ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերի շահերը:
Ներդրողներին տրվելիք փոխհատուցումը կազմում է 2,7 մլն դոլար: Վնասի չափը հաշվարկվում է ՅՈՒԿՕՍ-ի ընդհանուր արժեքից, որը ազգայնականացման ժամանակ կազմում էր 60 մլրդ ԱՄՆ դոլար:
«Դատարանը որոշել է, որ Ռուսաստանի իշխանությունների հարկային հայցերը միայն առիթ էին ՅՈՒԿՕՍ-ի ակտիվները բռնագրավելու և ապա «Ռոսնեֆտ»-ին փոխանցելու համար: Իսկ ՌԴ նպատակը ոչ թե հարկերի հավաքագրումն էր, այլ ընկերության բռնագրավումը», - մեջբերում է Covington & Burling-ը դատարանի որոշումը:
Հաղորդվում է, որ դատարանը հաստատել է ռուսական կառավարության մեղքը ՅՈՒԿՕՍ-ի դիտավորյալ սնանկացման մեջ, որի արդյունքում ակտիվների հիմնական մասը բաժին հասավ պետական «Գազպրոմին» և «Ռոսնեֆտին»:









