Հաղթանակս նվիրում են երկրիս, ընտանիքիս և տուժած Կրիմսկին. օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյան
Ամենաբարձր հարգի Օլիմպիական մեդալը Ռուսաստանի հավաքականին պարգևեց Կրասնոդարից հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը: Մարզաձևի ամենաթեթև քաշային կարգում հանդես եկող մարզիկը, բացի այդ Ռուսաստանի պատմության առաջին Օլիմպիական ոսկին նվաճեց ձյուդո մարզաձևում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«Ես իմ հաղթանակը նվիրում են երկրիս, ընտանիքիս և տուժած Կրիմսկին: Ես հանդես եմ գալիս Կրասնոդարի երկրամասից: Կրիմսկի հետ շատ բանով եմ կապված: Երբ այդ ողբերգությունը տեղի ունեցավ, ես անմիջապես մեկնեցի այնտեղ», - պարգևատրման արարողությունից առաջ պատմել է Գալստյանը:
«Մանկուց համոզված էի, որ օլիմպիական չեմպիոն եմ դառնալու, - ավելացրել է մարզիկը: - Այո, հուզվում էի. հուզումը միշտ կա: Ես ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին, ում հետ մենամարտեցի եզրափակիչ դուրս գալու համար, լավ գիտեի, նա վարկանիշում առաջինն է, իսկ ես` չորրորդը: Սակայն դա ոչինչ չի որոշում: Ես ուժեղ էի, պատրաստ էի պայքարել և հաղթեցի: Իսկ եզրափակիչի ճապոնացի՞ն: Վերջերրն «Մասթերզի» սերիայի շրջանակներում նրան հաղթել էի և ես նրան նույնպես լավ գիտեի»,- նշել է հայ չեմպիոնը:
Գալստյանը պատմել է, որ չի պատրաստվում սահմանափակվել նվաճումով. «Ուզում եմ ևս մեկ Օլիմպիադայում հանդես գալ: Դեռ երիտասարդ եմ, ժամանակ դեռ ունեմ»:
Նա խոստացել է, որ այժմ պետք է օգնի մյուս տղաներին, ովքեր դեռ պետք է Լոնդոնի տատամիների վրա պայքար մղեն:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն բավական զգացմունքայնորեն է արձագանքել երկրի օլիմպիական առաջին հաղթանակի կապակցությամբ: «Մենք առաջին ոսկին ունենք: Ձյուդո: Արսեն Գալստյան: Զիլ է: Ապրե՛ս»,- գրել է ՌԴ վարչապետը «Թվիթերի» միկրոբլոգի իր հաշվում:









