Չինաստանում բախումներ են տեղի ունեցել բնապահպանների ու ոստիկանների միջև
Չինաստանի արևելքում` Շանհայից ոչ հեռու գտնվող Ցիդուն քաղաքում, այսօր առավոտյան բախումներ են տեղի ունեցել բնապահպանների ու ոստիկանների միջև, հայտնում է Agence France-Presse –ը:
Քաղաքի թղթի գործարանի գործունեության դեմ բողոքող հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքապետարանի շենքի առջև` պահանջելով փակել շրջակա միջավայրն աղտոտող գործարանը:
Ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք, վերցրել ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտները, որոնք չինովնիկները հաճախ ստանում են որպես կաշառք: Բացի այդ, նրանք շրջել են 2 ավտոմեքենա:
Սակայն քիչ անց քաղաքապետարանի շենքի տարածք են ժամանել զինված ոստիկանները: Ձերբակալվածների կամ տուժածների մասին չի հաղորդվում:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քաղաքի իշխանությունները խոստացել են փակել թղթի գործարանը:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին երեք օր տևած զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով չինական Շիֆան քաղաքի ղեկավարությունը հրաժարվել է պղնձի հանքաքարի մշակման գործարան կառուցելու գաղափարից:









