Գլենդելում հայկական մասնավոր դպրոցը շահել է ապօրինի փակման դեմ դատական գործը

19:01 • 28.07.12

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի հայկական մասնավոր դպրոցներից մեկը` Scholars Academic Foundation-ը, որն ապօրինի փակվել էր 2010թ.-ին քաղաքային իշխանությունների կողմից, շահել է այս հարցով սկսած դատական գործը, հայտնում է Glendale News Press-ը:


Դատավոր Դևիդ Միլթնի կողմից կայացված վճռում, մասնավորապես, նշվում է, որ «քաղաքային իշխանությունները դիտավորյալ քայլեր են ձեռնարկել, որոնք նպաստել են դպրոցի փակմանը»:


Նման դատական քաշքշուկի պատճառ է դարձել այն, որ Scholars Academic Foundation-ը 2010թ.-ի հունվարին տեղափոխվել է նոր մասնաշենք` առանց համապատասխան թույլտվության:


Սակայն ինչպես նշել է դպրոցի տնօրեն Անահիտ Գրիգորյանը դատական լսումների ընթացքում` քաղաքի տարածքային վարչության ղեկավար Էդիթ Ֆուենտեսը վստահեցրել է իրեն, որ նոր մասնաշենքում կարելի է հաստատվել, եթե դպրոցի տնօրինությունը դիմի համապատասխան թույլտվություն ստանալու համար: Սակայն հետագայում պարզվել է, որ Ֆուենտեսի ասածն իրականությանը չի համապատասխանում:


Մեկ ամիս անց դպրոց այցելած հրշեջ ծառայության աշխատակիցները շենքը «ոչ պիտանի» և վտանգավոր են որակել` նշելով, որ դրանում առկա մի շարք խնդիրների պատճառով դպրոցի աշխատանքը պետք է դադարեցվի:


Դատավարության ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքային իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ կեղծ ցուցմունքներ են տվել` ի օգուտ դպրոցի փակմանը:


Այժմ ` Scholars Academic Foundation-ը գործում է Լոս Անջելոսում և նախկինում ունեցած 300 աշակերտների փոխարեն այժմ ունի 25-ը: