Հաջողվեց փրկվել Դավիթաշենի կամրջից ինքնասպանության փորձ կատարող տղամարդու կյանքը (լուսանկարներ)

15:05 • 28.07.12

Այսօր՝ հուլիսի 28-ին 35-40 տարեկան մի տղամարդ ինքնասպանության նպատակով փորձում էր Դավիթաշենի կամրջից ցած նետվել:
 

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 ու կես ժամ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, բաժանմունքի պետ Հրաչ Բաբայանի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ Մաշտոցի բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարար-ջոկատի փրկարարները, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի և 1-03 ծառայության աշխատակիցները քաղաքացիների հետ համոզում էին Կամուրջի հակառակ կողմում կախված քաղաքացուն, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի:


Գ. Շամշյանը հայտնում է, որ հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, իսկ կամրջի վրա հսկայական խցանումներ էր առաջացել, քանի որ հետաքրքրասեր քաղաքացիները կայանում էին իրենց մեքենաները և մոտենում դեպքի վայրին:


Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ըստ տեղեկությունների տղամարդը տաքսու վարորդ է, ով ավտոմեքենան թողել էր կամրջի վրա:
 

Բանակցությունների արդյունքում նրա վարած տաքսին մոտեցրեցին դեպքի վայրին, որից հետո հնարավոր եղավ նրան հետ պահել ինքնասպանություն կատարելուց:
Ոստիկանները նրան տեղափոխեցին Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի աշխատակիցները, բաժանմունքի պետ Հրաչ Բաբայանի և Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի ծառայության գծով տեղակալի՝ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր փրկարարների և քաղաքացիների հետ կարողացան փրկել տղամարդու կյանքը, պարզել են, որ փրկվածը Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 38-ամյա Կարեն Մնացականյանն է, ով տաքսի ծառայության աշխատակից է:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի