Պահանջում են ապամոնտաժել «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում քարե շինությունը

10:51 • 28.07.12

Ձևավորվել է «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամները տեղեկացնում է, որ նպատակը Խոսրովի արգելոցի պաշտպանության և վերականգնման հարցերով զբաղվելն է:


Նախաձեռնության անդամները հանդես են եկել ՀՀ կառավարությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, ուղղված պահանջներով.

 

1) ապամոնտաժել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կառուցված քարե շինությունը,

 

2) դադարեցնել «հակահրդեհային ճանապարհների» անվան տակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվող ճանապարհաշինությունը,

 

3) պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշակի հատվածի պահպանման ռեժիմը փոփոխվել է «Գիլան» կոչվող արգելավայրի և այդ տարածքում զվարճանքի օբյեկտ կառուցելու թույլտվություն է տրվել,

 

4) պարտավորեցնել նշյալ պաշտոնատար անձանց և կառուցապատումն իրականացնող «Հովազաձոր» ՍՊԸ-ին փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք պետք է առաջանան քարե շինությունը (օբյեկտը) ապամոնտաժելու և «Խոսրովի անտառ» պետական արգելոցն իր նախկին վիճակին բերելու ընթացքում,

 

5) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում` արգելոցային ռեժիմը համապատասխանեցնել Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի չափանիշներին, այդ կապակցությամբ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և այդ գործընթացին մասնակից դարձնել նաև շահագրգիռ կողմին:

 

Ակցիայի ընթացքում մանրամասն կներկայացվի արգելոցում զվարճանքի համար նախատեսված կառուցապատման խնդրի պատմությունը, կհնչեն փորձագիտական կարծիքներ, կլինեն ելույթներ քաղաքացիական ակտիվիստների կողմից:

 

 

 

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը կիրակի օրը՝ հուլիսի 29-ին, առավոտյան ժամը 8-ին կազմակերպում է ակցիա՝ այցելություն Խոսրովի արգելոց: Նախատեսվում է այց «Գիլան» արգելավայր և «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից արգելավայրում կառուցված սրճարանային շինություն:

 

Նախաձեռնությունից տեղեկացնում են, որ ցանկացողները կարող են գրանցվել մինչև շաբաթ օրը երեկոյան ժամը 20:00` զանգահարելով Հասմիկ Գրիգորյանին՝ 098 84 59 80 հեռախոսահամարով: